Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ մարտի 6-ին, ընթանում է Ազատի կացարանում հրդեհի գործով դատաքննությունը, որն անցնում է լարված մթնոլորտում։
Այսօր հարցաքննվեց գործով մեղադրյալ, տվյալ զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղեկյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Դեպքի օրը ես եղել եմ մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումների ապահովման պրոցեսի մեջ՝ սննդամթերք, բաղնիք, վառելիք և մյուս այդ հարցերով. Երեկոյան ժամը 9-ին Շորժայի թևից երրորդ գումարտակի մարտական հերթապահության կողմից իջել եմ, եկել եմ աշխատանքային սենյակ, այնտեղ սպասել եմ, որ նյութական վաշտի ապահովող մեքենաները գան ժամանակավոր մշտական տեղակայման վայր, որ իմանամ ամեն բան բարեհաջող է անցել, ժամը 12:30 նոր ես գնացել եմ տուն»։
Նա հավելեց, որ գիշերը ժամը 1:20-ի սահմաներում իրեն զանգահարել է զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանը և ասել՝ «Սոթքում սակրավորների զորանոցը հրդեհվել է, կրակմարիչ վերցրու, հասիր։ Ես երբ հասել եմ, այդտեղ չհասած մեքենան կանգնացրել եմ, մարդիկ են եղել, այդ մարդկանց խնդրել եմ, որ կրակմարիչները տանեն, բայց հետո, որ բարձրացել են վերև, տեսել եմ, որ այնտեղ հրշեջ մեքենան էր կանգնած։
Խառը վիճակ էր, տեխնիկան էր աշխատում՝ տրակտորը, որ պատը քանդեր։ Արդեն քանդել էր, երբ ես գնացել եմ։
Ես մինչև հասել եմ այնտեղ, արդեն ժամը 20:10–2։15–ին։ Երեխեքից որոշ մասին դուրս էին հանել, սկոռիները կանգնած էին։ Ես մենակ Ղազարյան Տիգրանին եմ էնտեղ հարցրել, թե ի՞նչ ա եղել։ Ինքն է ինձ պատասխանել է, որ Եղիշեն ուզեցել է փեչը վառել, այդպես բռնկվել ա։ Ես զարմացել եմ, թե վառարանը այնտեղ ինչ գործ ունի»։











