Կանանց միջազգային օրվա առթիվ Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան հյուրընկալել էր Հայաստանում Իտալիայի դեսպանության կին դիվանագետներին՝ դեսպանի հարգարժան տիկին Սարունե Լինարտաիտեի գլխավորությամբ։ Հրավիրյալների ցանկում էին հյուպատոս Սիմոնա Իակամպոն, մշակութային կցորդ Կլաուդիա Ֆորջիոնեն, համագործակցության հարցերով կցորդ Մարիա Ջիովաննա Կրուչիանին, այլ ներկայացուցիչներ։
Նախաձեռնությունը նպատակ ուներ կանանց երկխոսության և խոհարարական արվեստի միջոցով բացահայտել իտալական խոհանոցը, կնոջ դերը և երկու ազգերի միջև բարեկամության կամուրջ հանդիսանալ՝ համերի և մշակույթի լեզվով։
«Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան հիմնադրման առաջին իսկ օրվանից կարևորել է Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համագործակցությունը, քանի որ այն կարևոր երաշխիք է հանդիսանում փոխադարձ վստահության և միջմշակութային կապերի ստեղծման համար։ Խոհարարական դիվանագիտությունը կարևոր գործիք է այդ կապերի հաստատման համար, իսկ խոհարարությունը համամարդկային լեզու է, որը հնարավորություն է տալիս կապերի արդյունավետ հաստատման, ինչպես նաև ազգային մշակույթի ներկայացման համար»,- նշում է Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը։
Տիկին Սարունե Լինարտաիտեն Ակադեմիայի խոհանոցում ևս մեկ անգամ հիշում է 2025 թվականի դեկտեմբերի 10-ը, երբ իտալական խոհանոցը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այս ճանաչումը վկայում է այն մասին, որ իտալական խոհանոցը ոչ միայն բաղադրատոմսերի հավաքածու է, այլ նաև կենդանի մշակութային արժեք, որը մարմնավորում է կայունությունը, բաղադրիչների հանդեպ հարգանքը և համախմբված ու ջերմ մթնոլորտում միասին ուտելու մշակույթը։ Խոհանոցը մշակույթ է, ավանդույթ և հարստություն։ Գիտեմ, որ Հայաստանում ևս այդպես է. ընդամենը լսելով որոշ բառեր՝ պիցցա, պաստա, կապուչինո, լիմոնչելլո, միանգամից մտածում ենք իտալական խոհանոցի մասին։ Ուրախ եմ, որ իտալական խոհանոցը ճանաչված ու սիրված է նաև Հայաստանում։ Պետք է նշել նաև, որ իտալացիները ևս սիրում են համտեսել հայկական ուտեստներ, և մենք հաճույքով ենք այցելում հայկական ազգային ռեստորաններ։ Խոհանոցի միջոցով մենք կարողանում ենք ավելի լավ ճանաչել երկիրը և մարդկանց, ավելի լավ հասկանալ միմյանց»,- ընդգծում է Սարունե Լինարտաիտեն։
Իտալացի հյուրերը պատրաստեցին լոլիկի սոուսով նյոկի սորենտինյան ոճով, որը հատուկ է Իտալիայի Կամպանիա շրջանի Սորենտո քաղաքին։ Ճաշատեսակի ընտրությունը պատահական չէ։ Այն հին պատմություն ունի, գալիս է 17-րդ դարից, երբ արդեն լոլիկը հասանելի էր նաև Եվրոպայում։ Ըստ լեգենդի՝ խոհարարները սկսել են լոլիկով փորձարկումներ անել հենց նյոկիի համար։ Սա նաև այն սոուսն է, որի գույներն առկա են Իտալիայի դրոշի վրա։ Դեսպանության ներկայացուցիչները պատրաստեցին նաև իտալական աղանդեր՝ Միմոզա տորթ։
Պատրաստման ընթացքին հաջորդեց համատեղ ընթրիք՝ Իտալիային բնորոշ ջերմությամբ և հայաստանյան հյուրընկալությամբ։
Հիշեցնենք, որ Երեմյան ակադեմիայի համագործակցությունը Իտալիայի դեսպանության հետ արդեն 5 տարվա հարուստ պատմություն ունի։ Այս ընթացքում համատեղ իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, այցեր, վարպետության դասեր, իսկ որպես շարունակական նախագիծ այս տարի մայիսին Ակադեմիայի շեֆ խոհարարները հնարավորություն կունենան այցելել Իտալիայի Ալֆրեդդո Բելտրամե դպրոց, որտեղ կներկայացնեն հայկական հարուստ մշակույթը և խոհանոցը։











