Իշխանությունները պետք է դադարեն ստել, որովհետև շատ հաճախ ստում են, այդ ստի վրա բռնվում են։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում նշեց Հայաստանի ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, «Հայաքվե» միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանը։
«Այսօրվա պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի պաշտոնավարման ընթացքում մենք կորցրել ենք Սև լճի հատվածները, Վարդենիսի, Ջերմուկի հատվածներում տարածքներ ենք կորցրել, Սյունիքում ենք տարածքներ կորցրել և դրա մասին իմացել ենք ամիսներ հետո։
Օրինակ Ներքին Հանդի տարածքում բառացիորեն մի քանի ամիս առաջ, ես ինքս անձամբ բարձրացրեցի Սյունիքում որոշ դիրքերի հարցը, որոնց մոտ հերթափոխ կատարելու համար պետք է մեր զինվորը անցնի ստորացուցիչ զննման միջոցով ադրբեջանցիների կողմից։ Պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցնող անձը սկզբից փորձեց հերքել, արդարանալ, ասել, որ դա այդպես չէ, բայց արդեն մի քանի տարի է, որ այդ վիճակը կա։
Արդարանում են, որ իբր կլինի հող հանձնել, եթե այդ դիրքերը հանեն, բայց 200 քառակուսի կիլոմետր կորցրել ենք իրենց պաշտոնավարման ընթացքում, այդ մի երեք-չորս քառակուսի կմ–ն էլ թող լինի»,–ասաց նա։
Քերոբյանը վստահեցրեց, որ իշխանությունները ստում են, թե իբր սահմանազատման արդյունքում այդ հողերը կվերադարձվեն Հայաստանին. «2024 թվականի օգոստոսին հաստատվել է սահմանազատման միջպետական հանձնաժողովի աշխատակարգը, և դրանից հետո գեթ մեկ սանտիմետր սահման չի զատվել և գծվել։
Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Կիրանցում, դա բացարձակ հակապետական գործունեություն էր, որովհետեւ այդ ժամանակ որևէ իրավական հիմք այդ գործողությունն իրականացնելու համար չկար, նույնիսկ քարտեզներ չկային, թե ինչ քարտեզների հիման վրա է դիրքային փոփոխությունը տեղի ունենում։ Իսկ եթե խոսքը տարածքների փոխանակման կամ հանձնման մասին է, դա պետական բարձրագույն կարգի դավաճանություն և հանցագործություն է։
Բերքաբերի ջրամբարի կողքի 63 հեկտար տարածք կա, որը բոլոր քարտեզներով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, բայց որը դարձել է անհասանելի, այդտեղ հնարավոր չէ գնալ, մինչդեռ մարդիկ կան, որ այդտեղ ունեն սեփականության վկայականով հաստատված իրավունքներ։ Մինչև 2024թվականի գարնանը այնտեղ գարնանացան են կատարել և իրենց բերքի տերը չեն, քանի որ այնտեղ չեն կարող գնալ, ճանապարհն անցնում է Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածով»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ օրերս «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ներկայացրել էր լուսանկարներ՝ պնդելով, որ մինչև օգոստոսի 8-ը Հայաստանի տարածք ներխուժում է եղել, և դա թաքցվել է հանրությունից, Քերոբյանն ասաց, որ դա համապատասխանում է իրականությանը. «Դա եղել է Սոթքի մոտակայքում, շատ չեն խորացել, բայց եկել, մտել են Հայաստանի տարածք, ադրբեջանցիների երկու դիրքերի արանքում դիրքավորվել են այնպես, որ դիրքը դրել են դեպի մեր դիրքեր տանող ճանապարհից ընդամենը 150 մ հեռավորության վրա՝ ՀՀ տարածքում։ Այսինքն ցանկացած ժամանակ կարող են այդ ճանապարհը կտրել, ասենք մթության քողի տակ ականապատեն, կամ ուղղակի մի հատ պայթացնեն, ձագարը առաջացնեն, որ այդտեղ գնալ-գալ էլ չլինի։
Հիմա պաշտպանության նախարարը վեր է կացել և Ազգային ժողովի ամբիոնից սուտ է որակել պարոն Թաթոյանի այն ասվածը, որը իրականում բացարձակ ճշմարտություն է և դրա մասին կան օբյեկտիվ փաստական տվյալներ»,ընդգծեց նա։
Քերոբյանը նկատեց, որ իշխանությունը դա թաքցնում է, որ իր վարկանիշը չընկնի. «Իրենց վարկանիշը գահավիժել է, այդքան ընտրական վարկանիշ չունեն, որ կարողանան վերարտադրվել, և ցանկացած հարված իրենց համար շատ ցավոտ է հիմա լինելու։ Եթե այս փաստը բացահայտվեր, օրինակ օգոստոսին, շատ դժվար էր լինելու բացատրել ժողովրդին, թե այդ ինչ խաղաղության պայմանագիր են նախաստորագրում, եթե Ադրբեջանը էլի ներխուժել է ՀՀ տարածք։
Ոչ Ադրբեջանը է ձգտում խաղաղության, ոչ էլ մենք ենք պատրաստվում այդ խաղաղությանը, մենք ոչ պատերազմի ենք պատրաստվում, ոչ էլ խաղաղության ենք պատրաստվում»։
Քերոբյանը խոսեց նաև ռազմարդյունաբերական համալիրի վիճակից. «Եթե վերլուծենք, նախորդ տարիների ռազմարդյունաբերական ծախսը և մոտակա երեք տարիների ռազմարդյունաբերական ծախսը, ակնհայտ է, որ որոշակի անկում կա։ Եթե 2023-2025 թվականների համար հայտարարվում էր, որ 171 միլիարդ դրամի ընդհանուր ծավալով պայմանագրեր են կնքվել տեղական ընկերությունների հետ, իրականում այդքանը չեն իրացրել, ապա հաջորդ երեք տարվա համար նախատեսված 150 մլրդ, այսինքն 21 միլիարդով պակաս է։ Բայց դա էլ այդքան մտահոգիչ չէ, ինչքան այն, որ առ այսօր այդ պայմանագրերը չեն կնքվել կամ կնքվել են չափազանց փոքր քանակի ընկերությունների հետ և կա որոշակի դժգոհություն ընկերություններից, որ որոշ նոր մշակումներ ուղղակի մերժվել են։
Ինչ վերաբերվում է հենց պետական պատվերով սպառնալիքային ռազմական տեխնիկայի նոր մշակումներին, վերջերս ԲՏԱ նախարարը հրապարակում արեց, որ 2024–ի համեմատ, 2025–ին նոր նմուշների ֆինանսավորումը երկու անգամ աճել է, 1.2 միլիարդից դարձել է 2.4 մլրդ, բայց պլանավորված է եղել 5.7 մլրդ։ Այսինքն բյուջեն կատարել են 40%-ով, բայց ներկայացնում են, որ նախորդ տարվա համեմատ երկու անգամ ավել է եղել փաստացի ֆինանսավորումը։ Դա այն տեղն է, որ ամսական կարելի է այդ 5.7 մլրդ–ը իրացնել, այսինքն մեր արդյունաբերական և գիտական համալիրի կարողությունները այնքան են, որ կարելի է պատշաճ պետական հոգածության և պետական ֆինանսավորման դեպքում տարեկան 100 միլիոն դոլարի նոր մշակումներ անել»,– ընդգծեց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











