«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները մարտի 10-ին բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի մոտ։ Նրանք պաշտպանական գերատեսչությանն են փոխանցել մի փաստաթուղթ, որը վկայում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի նոր ներխուժումների, նրանց դիրքերի բարելավման ու ամրապնդման մասին՝ ներառյալ կոորդինատային տվյալները։
«Օրեր առաջ «Միասնության թևեր» կուսակցույան ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հրատապ մամուլի ասուլիս հրավիրեց և ներկայացրեց, որ Ադրբեջանը հերթական անգամ ներխուժումներ է իրականացրել ՀՀ սուվերեն տարածք», — լրագրողներին ասել է նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը: Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրենք ունեն վերոհիշյալ ներխուժման ապացույցներն ու արբանյակային լուսանկարները։ «Մենք դրանք կփոխանցենք Պաշտպանության նախարարությանը։ Մասնավորապես, Վարդենիսի տարածաշրջանում ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել, ՀՀ սուվերեն տարածքում դիրքեր են կառուցել, ամրաշինական աշխատանքներ են կատարել, ականանետային և այլ ռազմատեսախների խրամատներ են փորվել և այդ դիքրերից նրանք ամբողջությամբ վերահսկում են տարածաշրջանը։ Դրանց կառուցման և ամրաշինական աշխատանքների արդյունքում Վարդենիսի տարածաշրջանը և Սոթքի հանքը ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական վերահսկման ներքո, նույն կերպ նաև հարևանությամբ գտնվող 8 գյուղերը, Վարդենիսի գյուղերը միջպետական և միջհամայնքային ճանապարհները հայտնվում են վերահսկողության տակ։ Փաստերն ապացուցում են, որ Ադրբեջանը կտոր- կտոր ներխուժում է Հայաստան, վերցնում է մեր հայրենիքի տարածքները, իսկ այս իշխանությունները ստում են, - նշել է Պարոնյանը։
Նա վստահություն է հայտնել, որ այդ խնդիրները չեն կարող կարգավորվել պետական սահմանի դեմարկացիայի գործընթացի շրջանակներում։ Չէ՞ որ ադրբեջանցիները պարզապես ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և սկսել են ամրապնդվել այնտեղ։ Նախաձեռնության անդամի կարծիքով՝ այդ բոլոր դիրքերը կարող են որպես պլացդարմ օգտագործվել հնարավոր լայնամասշտաբ ներխուժման համար, որի հավանականությունը նա չի բացառում։ Ընդդիմադիր գործիչը, մասնավորապես, մատնանշել է աշխարհում տիրող անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակը, որից Բաքուն դեմ չի լինի օգտվել։
Հասարակական գործիչը կոչ է արել հերքել իրենց պնդումներն ու ապացույցները՝ ներկայացնելով հակափաստարկներ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունները, որոնք նա արել էր անցյալ շաբաթ խորհրդարանում, ընդդիմադիր գործիչը համարել է մերկապարանոց և անհամոզիչ՝ փաստացի հիմնավորումների բացակայության պատճառով: «Միակ լուծումը կլինի իշխանափոխությունը», - համոզված է Նարեկ Պարոնյանը:











