Հայաստան ներմուծվող հարյուրավոր կոնտեյներներ ներկայումս «արգելափակված» են իրանական նավահանգիստներում, ինչը մասնագետների կանխատեսմամբ՝ կհանգեցնի շուկայում ապրանքների գների անխուսափելի աճի։

Ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցում դադարեցվել է բեռնաշրջանառությունը։ Իրանական Բանդար Աբաս նավահանգիստը, որը հանդիսանում է Չինաստանից, Հնդկաստանից և Մերձավոր Արևելքից Հայաստան եկող բեռների հիմնական հանգույցը, անցել է աշխատանքային արտակարգ ռեժիմի։

«Սիլք Ռոադ» լոգիստիկ խմբի գլխավոր մենեջեր Մոջթաբա Ազիզին NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ միայն իրենց ընկերության 50 կոնտեյներներ հայտնվել են «թակարդում»․ «Ապահովագրական ընկերությունները դադարեցրել են ծառայությունները տարածաշրջանում։ Առանց ապահովագրության մենք չենք կարող շարժվել, որպեսզի ռիսկը չվերցնենք մեզ վրա»։

Մոջթաբա Ազիզիի խոսքով՝ կոնտեյներներում պարենային ապրանքներ են, տեխնիկա, ավտոպահեստամասեր, էլեկտրամոբիլներ, շինանյութ, արևային պանելներ։ Ընկերությունը դրանք ժամանակավորապես կայանել է նավահանգստի մոտ։ 21–օրյա անվճար ժամկետը լրանալուց հետո յուրաքանչյուր կոնտեյների համար օրական վճարելու են 30 դոլարից սկսած։ Պատիրատու գործընկերներին զգուշացրել են, որ ծախսերն ավելանում են օր օրի։ «Կորստի հաշվիչն աշխատում է ամեն օր։ Մենք հիմա կարծես իրավիճակի պատանդը լինենք։ Նավահանգիստները հաշվի չեն առնում, որ ռազմական գործողություններ են։ Նրանց միացրած հաշվիչը պտտվում է, կներկայացնեն մինչև վերջին ցենտը։ Ոչ ոք չգիտի, թե այս հակամարտությունը որքան ժամանակ կտևի։ Դժբախտաբար, այս սպասումը մեզ համար անվճար չէ»,– ասաց Մոջթաբա Ազիզին:

Հայաստանում ապրանքների գների համատարած թանկացումն անխուսափելի է՝ նշում են բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները։ Որոշ փոխադրողներ արդեն դիտարկում են ապրանքները Չինաստան վերադարձնելու կամ վրացական Փոթի նավահանգստով տեղափոխելու տարբերակը։

«Fainyland Logistics» ընկերության հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար, լոգիստիկ փորձագետ Հայկուհի Կարապետյանը նշում է․ «Այս պահի տվյալներով՝ կրկնակի ավելի է լինելու բեռնափոխադրման արժեքը, որը, բնականաբար, ազդելու է ապրանքների գնի վրա։ Եթե նախկինում Չինաստանից մեկ կոնտեյների տեղափոխումն արժեր մոտ 5 000 դոլար, ապա այսօր այդ գնին գումարվում է ևս 4 000 դոլար՝ լրացուցիչ ծախսերի ու երթուղու փոփոխության պատճառով։ Հավելյալ ծախսը, բնականաբար, հանգեցնելու է թանկացման»։

Այս պահին այլընտրանքային երթուղին Փոթիի նավահանգիստն է, որը գնային առումով ավելի թանկ է։ Սակայն խնդիրը միայն գինը չէ, այլ ժամանակը։ «Եթե Բանդեր Աբասով բեռները գալիս են մոտ 60 օրում, ապա Փոթիով գալիս են 80-ից 90 օր։ Հայաստանում բոլոր ներմուծող ընկերություններն ունեն խնդիր՝ իրենց ապրանքները ժամանակին տեղ հասցնելու համար։ Ընդ որում, Փոթիում ևս հնարավոր է ծառայությունների գների բարձրացում։