ԱՄՆ-ն չի կարող Թուրքիայի համար լուրջ խնդիրներ առաջացնել, թեև Թուրքիան ունի տնտեսական խնդիրներ՝ իրենց արժույթի արժեզրկումից մինչև ամերիկյան որոշ ընկերությունների կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ, սակայն Թուրքիան չի վախենում, քանի որ ունի մանևրելու հնարավորություն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան՝ անդրադառնալով նրան, որ ԱՄՆ–ն կարող է Թուրքիային ստիպել, որ վերջինս Իրանի դեպ պատերազմի մեջ մտնի։

«Արաբական երկրները, որոնք ամերիկյան ռազմաբազաներ ունեն և այսօր ընկան հարվածի տակ, նրանք չունեն Թուրքիայի չափ կամք և կարողություն, որպեսզի ԱՄՆ-ին կարողանային մերժեին, ի տարբերություն Թուրքիայի։ Թուրքիան ունի այդ հնարավորությունը՝ մերժել և մարսել։ Թուրքիան դեռ մինչև պատերազմ սկսելը արդեն ԱՄՆ-ին հասկացրել էր այդ մասին։ Պատահական չէ, որ Թուրքիայի պաշտոնյաները, այդ թվում Թուրքիայի Ազգային Ժողովի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահը Իրանին հավաստիացրեցին, որ Իրանը թող հանգիստ լինի, Թուրքիայում գտնվող ԱՄՆ բազան ոչ թե ԱՄՆ-ին է, այլ գտնվում է թուրքական զինված ուժերի աչալուրջ հսկողության տակ»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը հնարավոր է՝ Իսրայելի դրդմամբ մտնի պատերազմի մեջ և այդ դեպքում Թուրքիան ստիպված է լինելու ռազմական օգնություն ցուցաբերել իր դաշնակից Ադրբեջանին, Անկարան որքանո՞վ է կարողանում ազդել Ադրբեջանի որոշումների վրա, Անդրանիկ Իսպիրյանն ասաց. «Այո, այս համատեքստում Թուրքիան բավականին խնդրահարույց որոշման առաջ է կանգնում, եթե Ադրբեջանը հանկարծ սկսի ռազմական գործողություններ իրանի հանդեպ։ Բնականաբար, բոլորս էլ հասկանում ենք, որ թե Իսրայելը, թե ԱՄՆ-ն ցանկանում են, որ Ադրբեջանի կողմից ճակատ բացվի՝ թուլացնելով Իրանի հյուսիսային հատվածը և մեծ խնդիրներ ստեղծելով Իրանի համար։ Իրենք էլ գիտեն, որ Իրանի հյուսիսային մասում թյուրքախոս իրանցիներ են, որտեղ Թուրքիան ունի ազդեցություն։ Սա շատ զգայուն հարց է։ Մենք տեսանք, որ Իրանի հանդեպ Ադրբեջանի խիստ հռետորաբանությունից հետո Ադրբեջանը հումանիտար օգնություն ուղարկեց, որը լավ լուսաբանվեց։ Դրանով կարծես, փորձեց ցույց տալ, որ մենք հասկացել ենք, որ սա սադրանք էր, մենք չենք գնում այդ քայլին։ Սա գուցե ազդակ էր Թուրքիայի կողմից Ադրբեջանին, որ դեռ պետք չէ որևէ քայլի գնալ, բայց քանի որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում, չի կարելի բացառել, որ կարող է, ի վերջո սկսվել նաև Ադրբեջան-Իրան պատերազմ, որին բնականաբար կմիանա նաև Թուրքիան»։

Հարցին՝ Թուրքիան կկարողանա՞ չեզոքացնել Իսրայելի ազդեցություններն Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս չմտնի պատերազմի մեջ, թուրքագետը պատասխանեց. «Ամեն ինչ կախված կլինի տվյալ պահին քաղաքական դասավորությունից Ադրբեջանի համար։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ Ալիևը փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել, ինչը նաև Թուրքիայի իշխանություններն են զգում։ Իհարկե, կարող է այնպես լինի, որ Ադրբեջանը չնայի Թուրքիային, ունենա հավաստիացումներ Իսրայելից և ԱՄՆ-ից և սկսի գործողություններ։ Այդ տարբերակը ևս չի բացառվում։

Եթե Ադրբեջանը որոշի Իսրայելի ու ԱՄՆ-ի դրդմամբ ճակատ բացել՝ Թուրքիային դնելով վատ դրության մեջ, Թուրքիան ինչ-որ ձևով կմասնակցի, ձեռքերը ծալած չի մնա, որովհետեւ Թուրքիայի համար կա մի շատ կարևոր մեծ նպատակ՝ մեծ թուրան, իսկ այդ ճանապարհը Ադրբեջանի միջով է անցնում։

Ինչքան էլ փորձում են Ադրբեջանին պահել իրենց օրակարգում, իրենց կողմից վերահսկելի, միևնույն է Ադրբեջանը ամբողջությամբ չի խաղում թուրքական գծի մեջ»։

Ինչ վերաբերում է նրան, որ եթե զարգացումները հենց այդպիսին լինեն և Թուրքիան ստիպված լինի ինչ–որ ձևով Ադրբեջանին օգնություն ցուցաբերել, արդյոք դա սպառնալիք չէ Հայաստանի և Սյունիքի համար, որովհետև աշխարհագրորեն դա միակ ճանապարհն է, Իսպիրյանն ասաց. «Այս պահին չենք կարող ասել՝ ինչ տարբերակով կլինի այդ աջակցությունը, կրկին կախված կլինի այդ պահին մեր տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունից, ով ինչ դիրքում կլինի։ Ամեն դեպքում այդ վտանգը կա»։