Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 16-ին, մեկնարկեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով հերթական դատական նիստը (ֆոտոռեպորտաժ):

Նիստը մի փոքր ուշ սկսվեց, քանի որ այդ գործով ամբաստանյալներ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանին եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանին ուշացումով բերեցին դատարան։

Նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հենց սկզբում տեղեկացրեց, որ ամբաստանյալ Վ. Խանզադյանը միջնորդություն է ներկայացրել իրեն հանրային պաշտպան տրամադրելու վերաբերյալ: Այս միջնորդությունը բավարարվեց: Նրա շահերը դատարանում կներկայացնի հանրային պաշտպան Ռուզան Սիրեկանյանը:

Նշենք, որ մեղադրանքի կողմը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հարություն Հարությունյանը։
Խանզադյանի պաշտպան Ռուզան Սիրեկանյանը միջնորդություն ներկայացրեց եւ խնդրեց իրեն ժամանակ տրամադրել քրեական գործի նյութերին ծանոթանալու համար:

Կողմերի համաձայնությամբ, հերթական դատական նիստը նշանակվեց  մարտի 6-ին, ժամը 12:00-ին:

Նշենք, որ դատարանում հավաքված են մեծ թվով քաղաքացիներ, իսկ դատարանի շենքի մոտ ուժեղացված հսկողություն է իրականացվում:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը անազատության մեջ է գտնվում 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես  Թամամյանին  եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝  «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ:

Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի