Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարենի գյուղում՝ Լոռու մարզի Բերդ համայնքում թվով 750 ընտանիքների տրամադրվել են 20 կիլոգրամանոց սննդի փաթեթներ, իսկ Սյունիքի մարզպետը որոշում է ստորագրել՝ մարզի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանն այս երկու դրվագների առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ինքը՝ Տիգրան Հայրապետյանը։
«Այն պահից, երբ որոշում է կայացվում ընտրություններ անցկացնելու մասին, ցանկացած բարեգործություն, որը կարող է կապվել ընտրությանը մասնակցողների հետ, պետք է դադարեցվի։ Քրեական օրենսգրքում ընտրակաշառքին առնչվող չորս հանցակազմ կա՝ ընտրակաշառք տալը, ընտրակաշառքի միջնորդությունը, բարեգործության կանոնները խախտելը և մարդու ազատ ընտրության վրա ազդելը։ Հիմա նախաքննական մարմինը պետք է գնա, քննություն իրականացնի ու հասկանա՝ այս դեպքերից որն է։ Այսինքն, այդ գումարը տալուց ի՞նչ են ասել, ի՞նչ են խոստացել, ինչի՞ համար են այդ գումարը տվել։ Ընտրական օրենսգրքում նար դրույթ կա այն մասին, որ վարչական ռեսուրսի օգտագործումն արգելվում է։ Սյունիքի մարզում ընտրակաշառքը բաժանել են մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների գումարից»,–նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, փետրվարի 18-ին լրատվամիջոցերում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել 31 բնակչի։ Խոսքը 20-50 հազարական դրամների մասին է։
Փետրվարի 26-ին էլ, լրատվամիջոցներին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայրենի գյուղում՝ Լոռու մարզի Բերդ համայնքում թվով 750 ընտանիքների տրամադրվել են 20 կիլոգրամանոց սննդի փաթեթներ։ Դրանք բաժանվել են համայնքապետարանի, «Դիակոնիա» ԲՀԿ-ի և «Մեսենքինդերեն» կազմակերպության հետ ակտիվ համագործակցության շրջանակներում։
Մանրամասները՝ տեսանյութում:











