Այսօր Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստն էր, և մենք սրբազաններին հարցաքննության կանչելը կպում ենք բացառապես Գերագույն հոգևոր խորհրդի նիստի հետ, որովհետև բոլորը ծանուցվել են հենց այդ ժամին ներկայանալու անհրաժեշտության մասին։ Այս մասին այսօր՝ մարտի 13–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փատսաբան Արմինե Ֆանյանը։

«Տվյալ պարագայում մենք ունենք նույն օրը ծանուցագրերը հապճեպ ուղարկելու գործընթաց, որի նպատակը մեր կարծիքով հերթական անգամ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը տապալելուն է միտված։ Ավելին ասեմ, ծանուցագրերը, վկայի դատավարական կարգավիճակով են ուղարկված։ Չգիտես ինչու, սրբազանները ծանուցվել են վկայի դատավարական կարգավիճակով։ Բնականաբար, պաշտպաները զբաղվածություն ունեին, և Կոմիտեն գնաց նրան, որ արդեն ծանուցագրեր ուղարկեց Սրբազաններին, այն ընթացքում, երբ Գերագույն հոգևոր խորհրդի նիստն էր ընթանում»,–ասաց նա։

Ֆանյանը հայտարարեց, որ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին ամբողջությամբ ոչ լեգիտիմ գործընթաց է, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետությունը ինքն է ստանձնել այդ պարտավորությունը՝ չմիջամտելու եկեղեցու ներքին կյանքին և հռչակել է եկեղեցու ինքնավարության, ինքնակառավարման սկզբունքը.

«Տարիներ շարունակ հենց այդպես էլ եղել է, բայց այսօր ունենք այնպիսի իրողություն, որ պետությունը ուղիղ մխրճվել է եկեղեցու ներքին կյանքի մեջ, և պետությունն է փորձում որոշել, ով Արագածոտնի թեմի առաջնորդ լինի, ով Մասյացոտն  թեմի, ով հոգևորական լինի, ով ոչ։ Սա, բնականաբար, անընդունելի գործընթաց է։ Սրանք տնօրինություններ են, որոնք պատկանում են միայն մեկ անձի՝ Վեհափառ Հայրապետին։ Հետևապես պետության այս տեսակ գործելաոճը որևէ կերպ չի կարող լինել լեգիտիմ։

Չգիտեմ ուր կհասնենք, բայց պայքարելու ենք մինչև վերջ, եկեղեցին անկոտրում է, հոգևոր դասը անկոտրում է։ Պետության այս գործելաուղի ոչ մի լավ բանի չի բերել։ Մենք տեսանք Մայր Աթոռի վրա պատրաստվող հարձակումը ինչով ավարտվեց։ Տոտալ պարտություն էր դա պետության համար։ Ցանկացած նման փորձ կասեցվելու է։

ավելին ասեմ, ոստիկանությունը նաև մի շարք պաշտոնատար անձանց աջակցությամբ խոչընդոտում են նույնիսկ օրինական ծեսի իրականացման գործընթացը»,–ասաց փաստաբանը։