Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը դիմել է Հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքված աջակիցներին։ Նա շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին ՝ ժամեր շարունակ դատարանի բակում մնալու և Սամվել Կարապետյանին իրենց աջակցությունը հայտնելու համար։
«Դուք կարող էիք չգալ, այս ընթացքում այլ բանով զբաղվել, բայց արդեն 5-6 ժամ է՝ դատարանի բակում եք։ Սա ձեր քայլն է ՝ մեր հայրենիքի ուժեղացման համար։ Դատարանը որոշում է կայացնելու, որը, ամենայն հավանականությամբ լինելու է թելադրված իշխանությունների կողմից։ Վախը նրանց ստիպում է, որ հնարավորություն չտան, որ Սամվել Կարապետյանը խոսի հանրության հետ»,–ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, թե ինչու է Սամվել Կարապետյանը որոշել քաղաքական դաշտ մտնել և պայքար սկսել։
«Սամվել Կարապետյանն այս պայքարը սկսել է, որովհետև ցավոք, Հայաստանում չկար մարդ, որը կարող էր կանգնեցնել այս անկումը։ Սամվել Կարապետյանի համար առաջնահերթությունն ազգի բարեկեցությունն է, որովհետև եթե անգամ դու ամեն ինչ ունես, եթե ազգդ անկման մեջ է, չես կարող քեզ լավ զգալ։ Այս պայքարի մեջց մենք պատրաստ ենք լինել առաջամարտիկ, ամբողջ ծանրությունը մեզ վրա տանել, ու դրանից չենք խորշում, որովհետև գիտենք՝ ինչի համար ենք անում»,–հավելել է Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ։
Նշենք, որ տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։











