Հանցագործությունների թվի աճ չունենք, ընդհակառակը, եթե օբյեկտիվ պատկերն ենք ուզում, 3,2 տոկոսով հանցագործության նվազում ունենք։ Այս մասին, այսօր՝ մարտի 17–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Կհորդորեմ, որ երբ որ ինչ-որ տվյալ եք հարցնում կամ դիտարկում, նայեք օբյեկտիվ իրականությունը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ 2025 թվականին 27% ով ավելացել է ընտանեկան բռնությունների թիվը, նախարարն ասաց. «Եթե ընտանեկան բռնության դեպքերի մասին ենք խոսում, պիտի նկատի ունենանք, որ սա մեր հասարակությունում նոր երևույթ չէ, ես հակառակը պիտի փաստեմ, որ վերջին տարիներին հատկապես աճել է դիմելիությունը այս իրավիճակների մասով։
Երբ խոսում ենք աճի մասին, այստեղ ոչ թե մենք ունենք աճի դրսևորումներ, այլ իրավագիտակցության մակարդակի բարձրացում, և մեր քաղաքացիները ի տարբերություն նախորդ տարիների այսօր շատ ավելի շատ են բարձրաձայնում իրենց հետ կապված ընտանեկան բռնության տարբեր դեպքերի մասին։
Սա առաջին հերթին դրական ազդակ է մեզ համար որ քաղաքացին իր իրավունքների պաշտպանության տեսանկյունից բարձրաձայնում է հարցը և մյուս կողմից, այո, սա թույլ է տալիս նաև պետությանը ծանոթանալ իրավիճակի տարբեր նրբերանգներին և թե ներքին գործերի նախարարության, թե սոցիալական ծառայությունների, թե հասարակական կազմակերպությունների տեսանկյունից ավելի ճշգրտված պլանով շարժվել առաջ»։











