Խոսքը օրենքով սահմանվող վարձատրության միջոցների, մասնավորապես, այս դեպքում հավելման մասին է։ Այս մասին, այսօր՝ մարտի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նրան, որ նոր կարգավորումներով Սահմանադրական դատարանի դատավորիներին 46-48 միլիոն դրամ հավելավճարներ են տրվելու։
«Ինչու՞ չենք փոփոխում դրույքաչափը, որովհետև գործակիցներ սահմանող օրենսդրական ակտը ամբողջությամբ փոփոխության կարիք ունի և դա հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ենթարկվելու է հստակ փոփոխության՝ ներառելով այն բոլոր փոփոխությունները, որոնք մինչ այս պահը կատարվել են։
Այսինքն, հավելավճարների հաշվարկման մեխանիզմները, որոնք պիլոտային փուլերով են անցնում այս պահի դրությամբ, միանշանակ իրենց տեղն են գտնելու, գործակիցներ սահմանող, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում։ Մինչև այդ օրենքի ընդունումը սա կարող ենք համարել որպես միջանկյալ լուծում»,–ասաց նա։
Հարցին՝ ինչքա՞ն է ավելանալու ՍԴ դատավորի վարձատրությունը, Գալյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետև տարբեր դատավորներ, տարբեր ստաժ ունեն, գուցե 200-300 հազար, գուցե 400 հազարի չափով, բայց ըստ տարիների»։











