«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն անցկացնում է իր «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի ներկայացումը: Հիշեցնենք, որ կուսակցության կողմից ՀՀ վարչապետի թեկնածուն գործարար և բարերար Սամվել Կարապետյանն է:

Շնորհանդեսի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը։

Ճեմասրահում և բեմում տեղադրված են եղել Արցախում և Հայաստանում արված մեծադիր լուսանկարներ։ Արարողությունը բացած կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը ներկայացրել է լուսանկարների բովանդակությունը՝ Ստեփանակերտի մի տուն, որն այժմ ավերված է ադրբեջանական օկուպացիայի հետևանքով, Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցված Ստեփանակերտի հիվանդանոցը, ինչպես նաև ՍՈւ ինքնաթիռների համար քամուն տրված գումարները, որոնք պիտանի եղան միայն Փաշինյանի սելֆիների համար։ Ցուցադրված է եղել նաև բաքվի դատարանից արված լուսանկարը, որտեղ պատկերված են Արցախի նախկին ղեկավարները։ «Սամվել Կարապետյանը խոստանում է վերադարձնել բոլորին, իսկ մենք գիտենք, որ նա կատարում է իր բոլոր խոստումները»,- ընդգծել է Հովսեփյանը։ Նա տեղեկացրել է, որ Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը նշել է, որ բոլոր հարցումների համաձայն՝ ընտրություններից հետո կառավարությունը կգլխավորի Սամվել Կարապետյանը։ «Մեզ մեծ աշխատանք է սպասվում՝ վերացնելու այն վնասները, որոնք Նիկոլ Փաշինյանը հասցրել է տնտեսությանը և ողջ երկրին»,- նշել է Կարապետյանը։ Նրա խոսքով՝ Կարապետյանի առաջնորդությունը երկրին մեծ ներդրումներ կբերի՝ հաշվի առնելով, որ պատմականորեն Արևելքից Արևմուտք ճանապարհն անցել է Հայաստանով։ «Բանակը պարտվեց պատերազմում թույլ ղեկավարի պատճառով։ Մենք իրողությունները փոխելու պատմական հնարավորություն ունենք»,- կարծիք է հայտնել Կարապետյանը՝ հավելելով, որ իշխանությունները չեն կարող կոտրել ժողովրդի կամքը։ Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանի կուսակցությունն առաջարկում է ոչ թե ժամանակավոր խաղաղություն, ինչպես Փաշինյանի թիմը, այլ երկարատև և արժանապատիվ խաղաղություն։

«Փաշինյանն արդեն երեք պատերազմ է պարտվել։ Պետք է կանգնեցնել նրան, քանի դեռ նա իր թուլությամբ ևս մեկ պատերազմ չի հրահրել»,- հայտարարել է Կարապետյանը՝ կոչ անելով համատեղ աշխատել պատմական հաղթանակի հասնելու համար։ «81 օր հետո մեր կյանքը, մեր անվտանգությունը կփոխվեն»,- եզրափակել է նա։