Ինչպես անցած տարի արտահանվել է ծաղիկը այնքան ինչքան որ եղել է այս տարի էլ կարտահանվի։ Այս մասին, այսօր՝ մարտի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ ջերմոցի տերերը մտավախություն ունեն, որ նախորդ տարվա պես այս տարի էլ ծաղիկների արտահանման հետ կապված խնդիրներ կարող են ծագել։
«Դուք բողոքի ակցիան տեսնում եք, ձեր համար ռեպորտաժ եք սարքում, այդ ակցիայից հետո մենք հարցը լուծում ենք, միլիոնավոր տոնաներով արտահանումը գնում է, հետո ոչ մեկը դրա մասին չի խոսում։ Հայաստանում չկա հարց, որը դուք նկարահանել եք, ու մենք դրանից հետո այդ հարցերը չենք լուծել, չկա չլուծված հարց»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ Արարատի մարզում կարկտահարությունից տուժած բազմաթիվ գյուղացիներ բողոքում են, որ փոխհատուցում չեն ստացել, Պապոյանն ասաց. «Արարատի մարզի բոլոր բնակիչները, որոնք համայնքային հանձնաժողովի կողմից վնաս են ունեցել, բոլորինը փոխհատուցվել է, ընդհանուր փոխհատուցումը կազմել է 3 միլիարդ դրամ։
Ես չեմ կարող գնալ և բոլոր տարածքներում նայել, տեսել, այստեղ օրինակ 30% է վնասվածությունը, թե 70, թե 10։ Կա հանձնաժողով, հանձնաժողովը ասում է, որ այստեղ կա օրինակ 50% կամ 45% վնասվածություն, դրան համապատասխան փոխհատուցումը տեղի է ունենում։ Ընդ որում, ոչ միայն 2025 թվականը, այլև 2024-ն էլ ենք փոխհատուցել, 2026-ի համար էլ փոխհատուցման կարիք չկա, որովհետև վեց ապահովագրական ընկերություն հիմա ընկած գյուղերը ապահովագրություն են անում, արդեն տասնյակ հազարավոր պոլիսներ են վաճառվել»,– ընդգծեց նախարարը։











