Մենք այսօր առողջապահությունը Հայաստանում դարձնում ենք ինդուստրիա, առողջապահությունը Հայաստանում դառնում է եկամտաբեր բիզնես։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպեսև կանխատեսում էինք, մեծ ներդրումներ են այսօր կատարվում, արդեն բժշկական ռոբոտներ են ներկրվում Հայաստան, ինչի՞ շնորհիվ, որովհետև համայնքը տեսնում է, որ կառավարությունը մեծ ներդրումներ է անում և ընդ որում այդ ներդրումները ոչ թե մեկանգամյա են, դրանք համակարգված ռազմավարական ներդրումներ են։ Ես հիմա ուրախ եմ արձանագրել, որ օրինակ առողջության ապահովագրության հարցում արդեն ունենք որոշակի վստահություն, որ այլևս մենք հին համակարգերի վերադարձ չենք ունենալու։ Արդեն մենք այսօր մարզային այցելություններից էլ տեսնում ենք, որ համակարգը սկսել է ապրել։

Դա չի նշանակում, որ անթերի է համակարգը, աշխարհում անթերի ոչ մի բան չկա, մենք չենք էլ ասում, որ այդ համակարգը երբևէ լինելու է անթերի։ Առողջության ապահովագրության առաջամարտիկներ կան աշխարհում, որոնք այսօր բազմաթիվ պրոբլեմներ ունեն, որոնք տարիներով չեն կարողանում լուծել, բայց ոչ մեկը չի ասում՝ եկեք փակենք այդ համակարգը։

Սա էլի այն իմ առաջարկած բանաձևի գործնական արտահայտումն է, որ երբ դու մի պրոբլեմ լուծում ես, ստանում ես ևս երեք պրոբլեմ, որ պետք է լուծել։ Մենք անընդհատ փորձում ենք փնտրել և գտնել և կառուցել իդեալներ, ինչը մեզ թույլ չի տալիս առաջ գնալ, որովհետև չկա իդեալական ոչ մի բան չկա աշխարհի բացարձակապես ոչ մի երկրում։

Երբ որ մենք գնում ենք իդեալականացման տրամաբանության հետևից, մենք կյանքի ռելսերից դուրս ենք թռնում, և սկսում ենք ապրել ինչ-որ միֆերով, էմոցիաներով, փչած փուչիկներով, փչած փուչիկների մեջ»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։