«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացրել է ներդրողների հետ հատուկ հանդիպում։ Միջոցառման ընթացքում ամփոփվել են պարտատոմսերի առաջին թողարկման արդյունքները, ինչպես նաև ներկայացվել ընկերության գործունեության նոր՝ հավակնոտ ծրագրերը։ Խոսքը ռազմավարության նոր մոդելի մասին է, որը միավորում է առողջապահական և ապահովագրական ոլորտները։
«Այս շնորհանդեսի նպատակը պարզ է՝ վիզուալ ներկայացնել, թե ինչ ենք արդեն իրականացրել և ինչ ենք նախատեսում անել առաջիկա տարիներին»,– նշել է հոլդինգի տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը։
«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը մտադիր է մեկ միասնական և թափանցիկ համակարգի շրջանակում համախմբել իր կազմում գործող «ԷՖԷՍ» ապահովագրական ընկերությունը, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը և «Բոնուս Ասիստանս» առողջապահական լոգիստիկ ընկերությունը։ Ծրագրերում ներառված է նաև ժամանակակից տեխնոլոգիաների լայն կիրառումը՝ թվային հարթակի ստեղծում, հեռավար բժշկության զարգացում, տվյալների վերլուծության կենտրոնի հիմնում և բժշկական օմբուդսմենի ինստիտուտի ներդրում։
Ավելի քան 800 մասնագետ ունեցող հոլդինգը տարեկան սպասարկում է շուրջ 380 հազար հաճախորդի՝ իրականացնելով կես միլիոնից ավելի բժշկական միջամտություն և կարգավորելով ավելի քան 135 հազար ապահովագրական հայտ։ Հաճախորդների գոհունակության մակարդակը գերազանցում է 90 տոկոսը։
«Մեզ համար սկզբունքային է ներդրողների հետ բաց և ազնիվ հաղորդակցությունը։ Վստահությունը մեր ամենօրյա աշխատանքի հիմքն է»,– ընդգծել է Մելիքսեթյանը՝ հավելելով, որ ընկերությունը շարունակաբար ձգտում է բարձրակարգ ծառայություններ մատուցել ինչպես առողջապահության, այնպես էլ ապահովագրության ոլորտներում։
Ընկերության հաջողության վկայությունը շուկայի արձագանքն է։ Առաջին թողարկմամբ 1 միլիարդ դրամի և 2.5 միլիոն դոլարի պարտատոմսերը սպառվել են ընդամենը 4 օրում։
«Սպասում էինք արագ արդյունքի, սակայն ոչ այսքան արագ։ Նախնական հաշվարկներով՝ դա կարող էր տևել 15-20 օր, ուստի չորս օրում ամբողջական սպառումը մեզ համար նաև մեծ պատասխանատվություն է»,– նշել է Մելիքսեթյանը։
Նա հավելել է, որ պարտատոմսերի ավելի քան 90 տոկոսը ձեռք են բերել ֆիզիկական անձինք՝ միջինում 2-3 միլիոն դրամ ներդրումներով։ «Սա ցույց է տալիս, որ կա պահանջարկ, վստահություն և մարդկանց պատրաստակամություն՝ մասնակցելու ոլորտի զարգացմանը»,– ասել է նա։
Ներդրող Սևադա Բաղդյանի խոսքով՝ որոշում կայացնելիս կարևոր դեր է խաղացել ընկերության կառավարման մշակույթը։
«Տեսել եմ, թե ինչպես են աշխատում և ինչպես են վերաբերվում իրենց հաճախորդներին։ Դա վստահություն է ներշնչում, որ ընկերությունն ունի լավ ապագա, և ներգրավվող միջոցները կծառայեն ճիշտ նպատակների»,– նշել է նա։
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը։ Բանկի ներդրումային բանկինգի գծով տնօրեն Առնո Մոսիկյանը ընդգծել է, որ բարձր պահանջարկը վկայում է շուկայի ակտիվացման մասին։
«Intelligent Management խմբի կառավարչական մշակույթը բավականին գրավիչ է ներդրողների համար։ Սա նաև Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ ամենաարագ տեղաբաշխված ծրագրերից մեկն էր»,– նշել է նա։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն էլ իր հերթին նշել է, որ նման նախաձեռնությունները կարևոր ազդակ են շուկայի զարգացման համար։
«Սա ընկերության ֆինանսական անկախության կարևոր քայլերից մեկն է։ Հանրությունից առանց գրավի միջոցներ ներգրավելը պահանջում է վստահություն և համարձակություն»,– ասել է նա։
Ներգրավված միջոցները կուղղվեն հոլդինգի էկոհամակարգի զարգացմանը։ Արդեն իրականացված փոփոխությունների արդյունքում ապահովագրական ծառայություններից օգտվելը դարձել է առավել արագ և հարմարավետ, իսկ առողջապահական ուղղությունը շարունակում է ընդլայնվել։ Երևանի տարբեր հատվածներում գործող կենտրոններին շուտով կմիանա նոր՝ ժամանակակից և բազմաֆունկցիոնալ Վարդանանց Քըրքորյան մասնաճյուղը, որը կառուցվում է եվրոպական չափանիշներին համապատասխան։
Այսպիսով, «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը ոչ միայն ձևավորում է նոր չափանիշներ առողջապահության և ապահովագրության ոլորտներում, այլև ակտիվ դեր է խաղում Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում՝ առաջարկելով վստահելի ներդրումային հնարավորություններ։ Հոլդինգն արդեն նախապատրաստում է պարտատոմսերի հաջորդ թողարկումը։











