ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում բազմաթիվ են ծառայողական քննությունները, որոնցով մենք առերևույթ տվյալ ունենք, որ մեր աշխատակցի միջամտության արդյունքում է տվյալը հասանելի դարձել լրագրողական համայնքին։ Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հաճախ նախքան պաշտոնական հաղորդագրությունըը, որևէ լրատվամիջոց մանրամասն նկարագրում է տեղի ունեցած դեպքը և քննության ընթացքը։

«Լրագրողական համայնքին տեղեկատվությունը պիտի հասանելի դառնա, բայց պատշաճ խողովակի արդյունքներով և պատշաճ չափաբաժնով, որպեսզի նաև անձի իրավունքների հետ կապված խնդիրներ չունենանք: Իմ մամլո խոսնակը միշտ հասանելի է, ցանկացած տեղեկատվություն, եթե կարիքը կա, անմիջապես կտրամադրի, բայց ոչ պատշաճ խողովակով տեղեկատվության հանրայնացումը շատ բացասական կոմպոնենտ կարող է իր մեջ պարունակել։

Բայց նաև փաստեր, որ մենք ունեցել ենք ուսումնասիրություններ, երբ ոստիկանի կողմից չի եղել տեղեկատվության փոխանցումը, ունենում ենք իրավիճակ, որ հարևանները, բարեկամները տեղեկատվությունը փոխանցում են լրագրողական համայնքին և ինֆորմացիան արդեն յուրաքանչյուրս մեր ընկալումների տիրույթում ենք հանրայնացնում։

Ուզում են, որ հատկապես լրագրողական տիրույթում մենք  ուշադրություն դարձնենք հատկապես խոցելի խմբերի վրա, որովհետև իրենց հետ կապված ցանկացած տվյալի հանրայնացում, նույնիսկ 100% անոց ճշմարտությունը, հետագայում դժվարություններ է առաջացնում նրանց տվյալ համայնքում բնակվելը շարունակելու համար, նրանց պիտակավորման համար։ Դրա համար ուղղակի հորդորում եմ, որ բոլորս զգույշ լինենք»,–ասաց նախարարը։