ՀՀ ներքին գործերի նախարարի և ՀՀ քաղաքացի Արփինե Սարգսյանի հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է, այնպես ինչպես ՀՀ մյուս քաղաքացիների դեպքում է, և երկրորդը Հայաստանի վարչապետը որևէ կաշկանդվածություն չունի, որևէ պահին որոշում կայացնելու և ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը ևս ցանկացած ժամանակահատվածում հավերժ չէ, և եթե Հանրապետության վարչապետը նմանատիպ մոտեցում ունենա, վստահ եմ, որ որոշում կկայացվի։ Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ ինքը Արևմուտքի հովանավորությունն է վայելում, անձեռնմխելի է, և Նիկոլ Փաշինյանը ռիսկ չի անում հակառակվել Արևմուտքին և ազատել իրեն։

Անդրադառնալով տեղեկություններին, թե ինքը շրջում է տասնյակ ծառայողական ավտոմեքենաներով, Արփինե Սարգսյանն ասաց. «Եթե տեղեկություններ կան, նշանակում է, պիտի ապացույց լինի։ Ես զարմանում եմ, որ մինչև այս պահը օրենքով կազմակերպվող պրոցեսի մասին կարող է որևէ հարց առաջանալ, որովհետև ես, որպես ՆԳ նախարար, ունեմ ինձ տրամադրված պետական պահպանություն։ Դա ենթադրում է ստանդարտով պահպանության ապահովման պրոցես, և ես իրավունք էլ չունեմ միջամտելու պետական պահպանության ծառայության գործունեությանը, պահպանության մեթոդները, եղանակները իրենք են ընտրում։ Նույն կերպ էր պահպանությունը, երբ նախորդ նախարարն էր, նույն կերպ կլինի պահպանությունը նաև առաջիկա տարիների կտրվածքով։ Ձեր մատնանշած թիվը իրականության հետ (10:21) որևէ աղերս չունի»։