Եթե Նիկոլ Փաշինյանը օրով ու ամսաթվով գիտի՝ Հայաստանի վրա երբ է պատերազմ լինելու, ո՞նց է խոսում խաղաղության դարաշրջանից, այդ երկուսը իրար չեն հակասո՞ւմ։ Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, կլինի պատերազմ՝ իր հետևանքներով։
«Դա խոստովանություն է, որ իր բերած խաղաղության օրակարգը ոչ թե կեղծ է, այլ չկա։ Ինչ վերաբերում է այդ հայտարարություններին, այո, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով շանտաժի է ենթարկում հայ հանրությանը պատերազմով։ Դա այլևս Ալիևը չի անում, դա անում է Փաշինյանը։ Սիրելի քաղաքացիներ, ինքներդ մտածեք, կա՞ արդյոք որևէ քաղաքական ուժ, ով պայքարում է, որպեսզի գա իշխանության և կուզենա, որ իր օրոք պատերազմ լինի։ Ո՞նց կարող է այդպես լինել։
Իսկ Փաշինյանից հետո արևը ծագելո՞ւ է, արևելքից և մայր մտնի արևմուտքում, Սևանը փայփլելո՞ւ է, թե այլևս ցամաքելու է, երեխաները ծիծաղելո՞ւ են երբևէ, թե ծիծաղը կտրվելու է երեխաների դեմքից։ Ես հասկանում եմ, որ ՔՊ-ի համար կյանքը վերջանում է Փաշինյանով, բայց հայ ժողովրդի կյանքը ոչ սկսվել է Փաշինյանով, ոչ ավարտվում է։
Ինչ վերաբերվում է տարածաշրջանին, Թրիփ նախագծին, ինքը չի, որ կանգնած է դրա գլխին։ Տարածաշրջանում այնպիսի փոփոխություններ են, որ շատ հարցական է իսկապես, ով կլինի, ինչպիսի իշխանություն կփոխվի, պրոյեկտները, որոնց շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվել են, կմնա՞ն, թե՞ չէ։ Ու դա է ամբողջ հարցը, որ չէր կարելի ժողովրդին գալ ասել, որ քանի որ ԱՄՆ մի նախագահի անունով մենք պրոյեկտ ենք արել, դա հավերժ է, դարերի համար է։ Այսպիսի իրավիճակներ կարող է լինել։ Բայց կյանքը Փաշինյանից առաջ կար, Փաշինյանից հետո ոչ թե շարունակվելու, էլ ավելի լավ կյանք է լինելու»,– հայտարարեց Վարդանյանը։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին էլ Փաշինյանը խոստանում էր խաղաղություն, բայց դրանից հետո մենք տեսանք պատերազմներ ու Արցախի հայաթափում։
«Ամենաշատ պատերազմներ իր օրոք գրանցած ուժը, որը հայտարարել է, որ Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական հողեր, ո՞նց կարող է խոսել խաղաղությունից։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի օրոք են եղել պատերազմներ, այլ նա իր իր հայտարարություններով սադրել է այդ պատերազմները, ավելին հիմք է նախապատրաստել, որպեսզի Ալիևը չտանջվի այդ հիմքերը նախապատրաստելու համար»,–ասաց նա։











