Ես այդպես էլ չհասկացա, վերջը «Հայաստան» դաշինքը խորհրդարան մտնելու խնդիր ունի՞, թե՞ հաջորդ իշխանությունն է, որից զգուշացնում են ժողովրդին և ասում են, որ «Գյումրի 2» է ուզում անի։ Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ ՝ անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե «Հայաստան» դաշինքն անգամ խորհրդարան մտնելու, նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր ունի։
«Հիմա մենք «Գյումրի 2» ենք անելո՞ւ, թե՞ խորհրդարան չենք անցնելու, մի հատ կարո՞ղ են կողմնորոշվել։ Եթե «Հայաստան» դաշինքը խորհրդարան չի անցնում, եթե քաղաքական դիակներ ենք, ուժ չունեցող ենք, իրենց հայտարարությունների 90% ինչի են վերաբերում մեզ։
Ի վերջո այս ուժը, որը հայտարարում է, որ 70% ունի, ինչի՞ց է վախենում, ո՞նց կարող է մի ուժ ունենա 70% ու վախենա «Գյումրի 2» սցենարից։ Իսկ կարո՞ղ է իրենք խնդիրներ ունեն, տեսնում են, որ չեն կարողանում իշխանություն ձևավորել ու դրանով են պայմանավորված այս քայլերը»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է ԱՄՆ հետախուզության ծառայության զեկույցին, որտեղ ևս արձանագրված է, որ Ադրբեջանն է պահանջում փոխել ՀՀ սահմանադրությունը, ընդդիմադիր գործիչն ասաց. «Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, եթե Հայաստանի դիվանագիտական կորպուսը կենտրոնացած լիներ չեզոքացնելու ադրբեջանական պահանջները ու չուզենար հասնել այնտեղ, որ մենք Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխեինք, ուղղակի բանակցային սեղանին պետք է այդ հարցը բարձրաձայներ և ասեր, որ երկու կողմերում էլ եթե խնդրահարույց անգամ բաներ կան, այդ պահանջները ուղղակի դեկլարատիվ են արտահայտված են հռչակագրում, կարող են այդպես էլ մնալ սահմանադրությունում և այդպես էլ մնալ որևէ փոփոխություն չկա, իսկ եթե իրենք տեսնում են խնդրահարույց, նույնչափ խնդրահարույց է նաև Ադրբեջանի Սահմանադրությունը, ու այդ դեպքում Ադրբեջանն էլ պիտի փոփոխի։
Բայց քանի որ իրենք նպատակ չեն ունեցել չեզոքացնել այդ պահանջը, իրենք չեն բարձրաձայնել այդ հարցը։ Հիմա հասել է այնտեղ, որ Ադրբեջանը որևէ քննարկում չունի սահմանադրություն փոխելու մասին, մեզնից պահանջում է սահմանադրություն փոխել ու դա ֆիքսում է ԱՄՆ հետախուզական ծառայությունը։
Այո, դա խնդրահարություն է, որովետև 700.000 մարդ պիտի գնա և «այո» ասի Ալիևի սահմանադրությանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը այս ընտրությունները վերածում է սահմանադրական հանրաքվեի, Ալիևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու, ուրեմն մենք պիտի ընդունենք այդ մարտահրավերները ու ասենք, որ հունիսի 7–ի ընտրությունները Ալիևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու ընտրություններ են, ու ոչ է պետք ասել»։











