Եթե Սամվել Կարապետյանը 1 սմ հետքայլ կատարեր՝ ՀԷՑ-ը հետ էին հանձնելու և մի քանի անգամ ներողություն խնդրեին։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Եթե հիշում եք՝ դատարանը մերժեց մեր կողմից կառավարչի և հանձնաժողովի նախագահին որպես վկա ներգրավվելու միջնորդությունը: Չգիտեմ, թե հիմքում ինչ է դրել, բայց ես պնդում եմ, որ միանշանակ իրենց կարիքը այստեղ կար: Մեկինը որպես կառավարիչ՝ իր պարտավորություններից և իրավունքներից դուրս հայտարարություններ կատարելու համար, և երկրորդը՝ որպես կառավարիչ նշանակող միանձնյա վարույթ հարուցող»,- նշել է Ղազինյանը:
Անդրադառնալով ՀԷՑ-ի գործին՝ Ղազինյանը շեշտել է, որ այստեղ ՀԷՑ-ի, անձի կամ ֆինանսական խնդիրը չէ:
«Եթե Սամվել Կարապետյանը 1 սմ հետքայլ կատարեր՝ ՀԷՑ-ը փաթեթավորված հանձնելու էին հետ, մի քանի անգամ էլ ներողություն խնդրեին: Եթե հիշում եք՝ Սամվել Կարապետյանն ասել է, որ թքած ունի ՀԷՑ-ի վրա՝ որպես գույք: Այստեղ խնդիրը ներդրումային միջավայրի, պետական կառավարման նկատմամբ վերաբերմունքի մեջ է»:











