Անցնող տարիները մեզ համար հեշտ չեն եղել, բոլորիս համար հեշտ չեն եղել, բայց վստահ եմ, որ գալիք ճակատագրական ընտրություններում միասին հաղթահարելու ենք և մեր սկսած գործը ավարտին ենք հասցնելու։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, աշտարակցիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Գիտեք, երեկվանից սպառնալիքներ են հնչում ամբողջ հայ ժողովրդին, բա եթե հանկարծ չգնաք քվեարկեք գործող իշխանություններին, ուրեմն պատերազմ կլինի, էդ 18-ին ժողովուրդը քվեարկեց պատերազմ եղավ, զոհեր եղան, 21-ին քվեարկեց հերթական պատերազմ հերթական զոհեր են, էս ի՞նչ խաղաղությունից եք խոսում, ինչքան խաղաղություն բառն ասել են, էնքան միայն պատերազմներ ու պատերազմներ են դրել։
Հիմա այն բանաձևը, որ առաջարկում են, երաշխավորված պատերազմի ճանապարհով, բայց ողբերգությունն այն է, որ սեփական ժողովրդին շանտաժի են ենթարկում։ Որքան պետք է չսիրես սեփական ժողովրդին, որ նրա հետ շանտաժի, սպառնալիքի լեզվով խոսես ու դրսի տղա՝ Ալիևին է բերել սեփական ժողովրդի գլխին. սա ուղղակի խայտառակություն է»,- իր խոսքում նշել է Գրիգորյանը։
Անդրադառնալով այն պնդումներին, թե Հայաստանի թիկունքին գերտերություններն են կանգնած, պատգմավորն ասաց. «Սիրելի ժողովուրդ, ո՛չ Վենսը, ո՛չ Կալասը, ո՛չ Ֆիդանը, որևէ մեկը այս երկրում իշխանություն չի ձևավորում, դուք և միայն բացառապես դուք եք իշխանություն ձևավորողը ու ամբողջ աշխարհը հաշվի է նստելու այն ընտրության հետ, որ կատարել է հայ ժողովուրդը։ Հետևաբար այդ թեզը, որ առաջ եմ տանում, միանգամից ասեք՝ ստոպ, մենք ենք որոշելու, թե մեր երկրում ով է լինելու իշխանություն և ով է պահելու հայկականությունը մեր երկրում»։
Լինելով նախկինում ուսուցչուհի, Աննա Գրիգորյանն անդրադարձել է նաև ուսուցիչների ատեստավորմանը. «Որպես սկզբունք՝ ուսուցիչները պետք է ատեստացիա հանձնեն, և նոր աշխատավարձը բարձրանա։ Մեր խորին համոզմամբ, ուսուցիչն առանցքն է ապագայի, այն սերնդի, որ կրթում և հետագայում պետություն պետք է ստեղծի ու զարգացնի։ Հետևապես, անտրամաբանականը, որ, օրինակ, դատախազը առանց ատեստավորման բարձր աշխատավարձ ստանում, իսկ ուսուցիչը ամենամեծ տանջանքներով, այդ ատեստացիաներով պետք է անցնի, որ աշխատավարձը բարձրացնի։ Մենք վստահ ենք, որ բազային աշխատավարձի բարձրացմանը միանշանակ պետք է գնալ, իսկ այն ուսուցիչները, ովքեր 15 տարի արդեն մանկավարժական գործունեություն են ծավալում, եթե ուսուցիչը 15 տարի արդեն երեխա է կրթում, հետևաբար ինքը ավտոմատ պետք է համարվի ատեստավորված, և ավտոմատ նրա աշխատավարձը պետք է բարձրանա։
Առաջիկայում տարբեր ոլորտների վերաբերյալ մեր մոտեցումները հնչեցնելու ենք, տնտեսությունից մինչև կրթություն, սոցիալական ծրագրերից մինչև անվտանգություն, շերտ առ շերտ բացահայտել ենք, ցույց ենք տալիս, թե ինչպիսի Հայաստան Հայաստանում մենք կապրենք»։











