Ցավում եմ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին։ Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի նիստում, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարեց թափուր տեղի թեկնածու, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին։
Վերջինս, մասնավորապես, Վարդանյանին հիշեցրել է գործող իշխանության ներկայացուցիչների քննադատությունը ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին, ով նախքան Սահմանադրական դատարանի ղեկավար դառնալը, այդ ժամանակ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է եղել։
Վարդանյանը ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ, սակայն միևնույն ժամանակ հավելել է, որ իր և Հրայր Թովմասյանի միջև նմանություններն այնքան էլ շատ չեն: «Մենք երկուսս էլ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակից գնում ենք Սահմանադրական դատարան։ Եթե շատ ավելի անկեղծ, պարոն Թովմասյանը հրաժարական էր ներկայացրել նաև հանձնաժողովի նախագահի պաշտոնից, երբ առաջադրվել էր ՍԴ դատավորի պաշտոնում», - ասել է Վարդանյանը։
Թեկնածուի խոսքով՝ ինքն անձամբ երբեք չի քննադատել Թովմասյանին ՀՀԿ անդամ լինելու համար։ Իրեն և իշխող կուսակցության անդամներին ավելի շուտ շփոթեցրել է Թովմասյանի անհետևողականությունը, հատկապես՝ նոր Սահմանադրության հարցում։
«Նա իր իսկ կողմից կերտված Սահմանադրությունը թողնում է մի կողմ և ընտրվում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ», -պարզաբանել է Վլադիմիր Վարդանյանը։
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը կազմված է 9 դատավորից, որոնց ընտրում է Ազգային ժողովը՝ Հանրապետության նախագահի, Կառավարության և Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ (յուրաքանչյուրից՝ 3-ական դատավոր)։ Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ։ Սահմանադրական դատարանն իր կազմից ընտրում է նախագահ և նախագահի տեղակալ՝ վեց տարի ժամկետով և առանց վերընտրվելու իրավունքի։











