Սպառնալիքն այն է, երբ ինչ-որ մեկը մյուսին ասում է՝ եթե դու չանես սա, ես կանեմ կամ չեմ անի սա, և դա քո համար վատ կլինի. համաձայնեք, երբ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը եթե որդեգրի այն քաղաքականությունը, որը ընդդիմադիրները առաջարկում են, դա անխուսափելիորեն բերելու է պատերազմի, այստեղ սպառնալիքի հետ որևէ աղերս չկա։ Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Նախ մենք ասում ենք՝ այս պահին պատերազմի հավանականությունը հավասար է զրոյի, որովհետև Հայաստանը վարում է այն քաղաքականությունը, որ այժմ վարում է, և եթե ընդդիմությունը գա իշխանության և սկսի վարել այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, իսկ իրենք բաց հայտարարում են, որ համաձայն չեն այս խաղաղության պարամետրերի հետ, նրանք պատրաստվում են տարբեր կոմպոնենտներով այս խաղաղության ամեն ինչը վերանայել, դա բերելու է ակնհայտ և 100%–անոց պատերազմի։
Ո՞րն է այստեղ սպառնալիքը կամ ինչը այստեղ պարզ չի։
Հաջորդը ուղիղ մեկ տարի առաջ, երբ վարչապետ Փաշինյանը ասում էր՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, այդ նույն ընդդիմադիրները և մամուլը ասում էին՝ ո՞նց ես ասում որ չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, չէ, լինելու է պատերազմ։
Հաջորդը, 44-օրյա պատերազմից առաջ Փաշինյանի գործունեության ամենամեծ մեղադրանքը ո՞րն էր, ասում էին՝ վարչապետ Փաշինյանը ինչո՞ւ չեկավ և բաց չներկայացրեց իրերի դրությունը, ռազմական հավասարակշռությունը և այն ուղղությունը, որով գնում է մեր երկիրը և պատերազմի ռիսկը։ Հիմա այդ նույն ասողները ասում են՝ ինչի՞ է Փաշինյանը բացատրում, որ եթե Հայաստանը որդեգրի ընդդիմության առաջարկած քաղաքականությունը, դա բերելու է պատերազմի:
Հետևաբար խոսքը բացարձակապես ոչ շանտաժի, ոչ սպառնալիքի մասին չէ, խոսքը հետևյալի մասին է. հունիսի 7-ին մեր քաղաքացիները ունենալու են ընտրություն ոչ միայն կուսակցությունների միջև, այլ այն քաղաքականությունների միջև, որ առաջարկում են ուժերը: «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է պահել այս խաղաղությունը, իսկ ընդդիմությունը՝ Քոչարյանի ուժը, Ռուսաստանցի օլիգարխի ուժը, բելառուսամետ օլիգարխի ուժը, առաջարկում են վերանայել այս խաղաղությունը։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ եթե իրենք գան իշխանության, և եթե անեն այն, ինչ խոստանում են անել, այն է՝ վերանայել, ռեվիզիայի ենթարկել այս խաղաղությունը իր բոլոր կոմպոնենտներով, խաղաղության պայմանագիրը, Վաշինգտոնյան հռչակագիրը, Թրիպի մասին համաձայնությունը, սահմանազատման կանոնակարգը, կշարունակեն Ղարաբաղյան հակամարտությունը, դա բերելու է պատերազմի»,– հայտարարեց Ռուբինյանը։
Նա հայտարարեց, որ երբ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ վատ է, որ Հայաստանը պարփակվում է իր 29 743 քկմ տրածքի մեջ, երբ իր խմբակցության պատգամավորն ասում է՝ Դադիվանքը մերն է, Արարատը մերն է, դա նույնն է ինչ վիճարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաճելու դրույթը։
«Երբ նրանք ասում են որ ԹՐԻՓՓ–ի մեջ պետք է ներառել նոր կողմերի, դա նույնը, ինչ ասել, որ ԹՐԻՓՓ–ը չի լինելու, որովհետև այն հայ-ամերիկյան բիզնես նախագիծ է, դու չես կարող պայմանավորվել, որ այսինչի հետ բիզնես նախագիծ ես անում, հետո երբ որ գա իմպլեմենտացիայի փուլը, ասես՝ գիտես ինչ կա, ևս հինգ կողմ ենք ներառելու, որոնց դու ատում ես, և որոնք ատում են քեզ, և որոնց հետ դու անհամատեղելի է։ Կամ երբ Արծիկ Մինասյանն ինձ այդ բանավեճում ասում է՝ սահմանազատման սկզբունք չի կարող լինել Ալմաթայի հռչակագիրը, պետք է լինեն այլ տարրեր, այդ թվում դեմոգրաֆիականը, դա նշանակում է վիճարկել Խորհրդային Միության փլուզման պահին առկա սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Կամ, երբ նույն Արծվիկ Մինասյանը ասում է, որ Խորհրդային Հայաստանի սահմանները անարդար սահմաններ են, նշանակում է ասում է՝ ես այս սահմանների հետ համաձայն չեմ։
Հիմա եթե իրենք անեն այն, ինչ իրենք հայտարարում են, այս խաղաղությունը չի լինի»,– հայտարարեց նա։











