2021 թվականին Նիկոլը գնում էր ընտրություններին խաբելով մարդկանց, մասնավորապես, Արցախի մասով, իսկ այս անգամ Նիկոլն ազնիվ է։ Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Եթե 2026 թվականին նա վերալեգալացվեց որպես վարչապետ, ապա ոչ ոք էլ չի կարող ասել՝ գիտես դու խաբել ես ժողովրդին, որովհետև ինքը էլ չի խաբում, ինքն ասում է՝ Արցախ չկա, Ղարաբաղ է, Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է։ Այսօր Արցախից հրաժարվելու իր քաղաքականությունը հակաօրինական է՝ կառավարության ծրագրի Ազգային ժողովի կողմից հաստատման ուժով։
Իսկ այս անգամ այդ սրտիկի հետևում, որ ինքը ցույց է տալիս, երևում են Ալիևի բեղերը։ Պատկերացրեք այդ սրտիկը գլազոկ է, դուք մոտենում եք այդ գլազոկին, այդ սրտիկի գլազոկի մեջ երևում է Ալիևի քիթ բերանը և բեղերը։ Այդ սրտիկը կազմված է Ալիևի ձեռքերով, և տակը բնականաբար որևէ խաղաղության մասին խոսք լինել չի կարող, եթե Նիկոլը ինքն է ասում, որ խոսքը խաղաղության մասին չէ, խոսքն այն մասին է, որ ես շանտաժ եմ անում հայ ժողովրդին»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ նախօրեին Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ սխալ է արել, որ ժամանակին Աղդամում լուսանկարվել է և այն համարել իր հայրենիքը, իսկ այսօր ներողություն է խնդրում դրա համար, Աշոտյանն ասաց, որ այդ ներողության հասցեատերը, օրինակ, Հիքմեթ Հաջիևն է կամ Ալիևն է։ Իսկ այնտեղ, որտեղ պետք է ներողություն խնդրեն ու ռադները քաշեն, դա չեն անում»,–ասաց Աշոտյանը։











