Այս ամբողջ ընթացքում մենք Հայաստանի քարտեզով կրծքազարդը առաջարկել ենք հազարավոր քաղաքացիներին և ես հիշում եմ ընդամենը 4-5 դեպք, երբ քաղաքացին ասել է՝ չէ, ես չեմ ուզում։ Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա իր պայուսակից հանեց Հայաստանի պլաստմասե քարտեզը և ասաց. «Այս պատմությունը սկսվել է այստեղից և ես ուրախ եմ, որ մենք այդ ճանապարհն անցել ենք և մենք ուժ ունենք խոստովանելու, որ Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին։ Հա, մենք դա հասկացել ենք շատ ուշ, և կան քաղաքական ուժեր, որոնք չեն էլ հասկացել, չեն էլ հասկանալու։ Եվ սա նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ստեղծել է իր անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը և իրավունքները պաշտպանելու համար։
Սա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքն է։ Երբ մենք ինքներս ժխտել ենք ուղղակի կամ անուղղակի Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը, դրանով, ոնց որ ասել ենք, թե Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածք չունի։ Անուղղակի ենք ասել, և դա է պատճառը, որ այս ընկալման տրամաբանության մեջ մենք անընդհատ ավելի ու ավելի շատ ենք զոհաբերել մեր ինքնիշխանությունից, անկախությունից որպես պետություն։
Եվ երբ մենք վերադարձել ենք ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքին, մենք գնալով այդ օրից ժամ ժամ դարձել ենք ավելի ինքնիշխան, ավելի անկախ, ավելի անվտանգ, ավելի հեղինակավոր միջազգային պետություն, և սա Հայաստանի ինքնիշխանության և անկախության խորհրդանիշն է»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ Հայաստանում կան ուժեր, որոնք շրջաբերականներ են գրում, որոնց իմաստը այն է, որ պետությունը կարևոր չի. «Մենք ասում ենք, որ ոչ, պետությունը ամենակարևորն է»։











