«Աշխարհում անցել են այսպիսի մոդելի․ սահմանային առաջին կետերում հիմնականում տեղակայվում են տեխնիկական միջոցներ, որոնք մինչև 25 կմ խորությամբ վերահսկում են հակառակորդի կամ սահմանակցի շարժը և կարողանում են կանխարգելիչ տեղեկություններ, որպեսզի հիմնական ուժերը պաշտպանական դիրքեր դուրս գան»։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին,  «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Ինչպես մեզ բացատրում են մասնագետները՝ աշխարհը պոստային համակարգից անցում է կատարում խելացի սահմանի համակարգին։ Սահմանը կենտրոնական շտաբին տեղյակ է պահում, որ կա շարժ և այդ ժամանակ այնտեղ հատուկ խմբեր են գործուղվում։ Իհարկե, ես մի փոքր պարզեցված եմ ներկայացնում։ Այս ամենի հիմնական նպատակն այն է, որ զորքը վերապատրաստում անցնի և դիրքեր բարձրանա միայն անհրաժեշտության ժամանակ։ Այսինքն, դիրքերում մշտական տեղակայվող զինվորների թիվը պետք է նվազի, քանի որ նրանք պետք է վերապատրաստում անցնեն։ Հիմա մենք բանակցում ենք, որպեսզի մեր երկիրը հնարավորություն ունենա խելացի սահման ստեղծելու պայմանագիր կնքելու»,–հավելել է Կարապետյանը։

Հարցին՝ ի՞նչ հուշագրեր են ստորագրվել այսօր, Կարապետյանը պատասխանել է․

«Ընկերություններից մեկը զբաղվում է հատուկջոկատայինների վերապատրաստմամբ, տարբեր երկրներին այդպիսի ծառայություններ է մատուցում։ Հուշագիր ստորագեցինք, որպեսզի հետագայում մեր երկրում էլ նման վերապատրաստման դասընթացներ կարողանանք իրականացնել։ Հունական ընկերությունը նույնպես վերապատրաստումների իրականացմամբ է զբաղվում, սակայն ավելի լայն իմաստով, նրանք վերապատրաստում են ոչ միայն հատուկջոկատայիններին, այլև ընդհանուր զորատեսակներին»։

Լրագրողի հարցին, թե ինչով է պայամնավորված «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի ներկայացման վայրի ընտրությունը, Նարեկ Կարապետյանը պատասխանել է․

«Ջերմուկը խորհրդանիշն է խաղաղ Հայաստանի։ Այն երբեք սահմանային չի եղել, բայց այսօր դարձել է սահման։ Սա ցույց է տալիս մեր մարտահրավերների լրջությունը։ Հայաստանի տուրիստական կենտրոններից մեկը դարձել է սահմանային, ավելին՝ այստեղ հակառակորդն առաջ է եկել հայկական սուվերեն տարածքում։ Սա է ցուցանիշը վերջինի 8 տարիների Հայաստանի սխալ դիվանագիտության։ Ջերմուկի տարածքները և հայկական մյուս տարածքները կվերադառնան Հայաստանին դիվանագիտության միջոցով, քանի որ դրանք հայկական սուվերեն տարածքներ են։ Մենք տեսնում ենք դրա հնարավորությունը»։