Կանազի մշակույթի շենքն արդեն երկու տարի է անմխիթար վիճակում էր, վերջը մի բան լինելու էր։ Այս մասին լրագրողներին ասաց հարակից շենքի բնակիչներից Գագիկ Սարիբեկյանը։
«Այս շենքը 1957 թվականից 3 մուտք է հանձնվել, 1958-ից էլ՝ մյուս մասը, 1958 թվականից այս շենքում եմ ապրում։ Այս մշակույթի պալատը 1955 թվականից կառուցվել է, միշտ եղել է այստեղ ամենալավ տեղը. երեխաների խմբակներով, կինոթատրոններով, իսկական մշակույթի օջախ է եղել։ 90-ականներին կամաց-կամաց միայն ընտրություններից ընտրություն, վերջին անգամ 2021 թվի ընտրությունների ժամանակ է սա գործել, դրանից հետո մուտքի դռները կոտրել էին, գողացել, տարել էին, այս մուտքը ջարդել էին, այն մուտքը ջարդել էին»,- պատմեց քաղաքացին։
Նա ասաց, որ մեկ ամսում երեք անգամ ոստիկանություն հաղորդում է տվել, սակայն արձագանք այդպես էլ չի եղել. «Բոմժերը մտնում են, երեխաները մտնում են, ինչ են անում անհայտ է. ոչ մի արձագանք։ Գնացել եմ թաղապետարան երկու անգամ, ասում եմ՝ սա քաղաքապետարանի սեփականությունն է, տիրություն արեք, մի օր մի բան լինելու է այստեղ, մեկ էլ կարող է մարդ սպանեն. արձագանք չկա, վերջը սա պիտի լիներ։ Ես այստեղ չեմ եղել այդ պահին, բայց այն, որ պիտի մի բան լիներ, կասկած չկա։ Մի օր մի բան լինելու էր, որովհետև արդեն երկու տարի է անմխիթար վիճակում է, ոչ մի դուռ փակ վիճակում չի, գնացեք նայեք դռները կոտրած, այս կողմից կոտրած, ոչ մեկի պետք չի»։
Քաղաքացու խոսքով՝ հրշեջները բավականին ուշ են արձագանքել իրենց ահազանգին։
Նշենք, որ այսօր՝ 19։12-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Կանազի մշակույթի տանը, դեպքի վայրում է աշխատում 13 մարտական հաշվարկ։











