Մենք անկախության առաջին օրերից ի վեր ամենաշատ օգտագործված տերմինաբանությունը և պրոբլեմը արտագաղթն է. սա մեր պրոբլեմն է, բայց մենք այդ պրոբլեմը չենք ճանաչել և չենք ճանաչում, մենք չգիտենք դա ինչ երևույթ է։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, կառվարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդ որում, ժողովուրդը ավելի շատ է այս պրոբլեմի հետ առերեսվում, ուզում հասկանալ քան պետությունը, քան պայմանականորեն ասած էլիտար շրջանակները, որովհետև այդ շրջանակները այդ պրոցեսի մաս են, կայսերական քաղաքականության մաս են, գիտակցաբար, թե անգիտակցաբար, լինելով այն մեխանիզմի գործողության մեջ, որի նպատակը Հայաստանի Հանրապետության որպես անկախ, ինքնիշխան, զարգացած, ազատ պետություն կայացումը թույլ չտալն է։ Սա սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։
Այդ ի՞նչ երևույթ է, որ մարդը ծնվել, մեծացել է Հայաստանում, այսինքն ապրում է, ենթադրենք, Քաջարանում կամ Դիլիջանում, բայց ասում ես՝ դու որտեղի՞ց ես, կարող է ասի՝ ես Վանից եմ։ Սա կայսերական հայրենասիրության դրսևորում է, ստալինյան հայրենասիրության դրսևորում է։ Հայրենասիրության այն բանաձևը, որը Ստալինը ափլոուդ է արել մեր հանրային գիտակցության մեջ։ Մենք խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց երբ որ մենք խոսում ենք խաղաղության խնամքի մասին, դա նշանակում է սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ մենք պետք է խաղաղվենք։ Հակառակ դեպքում չենք գտնի խաղաղությունը, ավելի ճիշտ կկորցնենք խաղաղությունը։ Երբ մենք էդ խոսույթները շարունակում ենք, դա նշանակում է՝ մենք մտնում ենք կոնֆլիկտի մեջ մեր շուրջ բոլորի հետ, իսկ էս պարագայում հետո ենք հասկանում՝ բա մեր ռեսուրսները բավարար չեն, բա ի՞նչ անենք, երաշխավոր փնտրենք ու գնացինք երաշխավոր փնտրելու։ Ինչի՞ հաշվին՝ մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր պետականության հաշվին»,– հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետը հայտարարեց, որ 2020 թվականից առաջ մենք չենք ունեցել խաղաղություն, ունեցել ենք սառեցված պատերազմ, պատերազմի հետաձգում, ու դա էլի եղել է մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր պետականության, մեր բարեկեցության, մեր ազատության, մեր զարգացման հաշվին»,–ասաց Փաշինյանը։











