2006 թվականից մինչև 2026 թվականը չեմ հիշում այդպիսի դեպք, այդպիսի ամիս, որ կրթահամալիրի աշխատողներին աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատավարձի վճարման ուշացում լինի։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը։

«Անկախ նրանից, թե ով է եղել կրթահամալիրի տնօրենը, այսպես ասած՝ դրված է, որ մանկավարժի աշխատավարձը համարվում է անձեռնմխելի բան, և մենք բոլոր միջոցներով ապահովել ենք այդ անձեռնմխելիությունը։ Ցավոք, 2026-ի փետրվարին մեզ համար շատ անսովոր վիճակում հայտնվեցինք, երբ աշխատողների կանխավճարն ուշացավ (մենք վճարում ենք երկու մասով՝ կանխավճար և աշխատավարձ)»,-հայտարարեց Աշոտ Բլեյանը՝ նշելով, թե ուշացումը պայմանավորված չի եղել գործատուի անգործությամբ կամ սխալով։

Բլեյանի խոսքով, կրթահամալիրի կառավարման խորհուրդը սահմանված կարգով հաստատել և մարտի 11-ին ԿԳՄՍՆ է ներկայացրել կրթահամալիրի 2026թ. ծախսերի նախահաշիվը, որի հաստատման ձգձգումը մեծացող լարվածություն է առաջացնում. «Այդ ձգձգումը պայմանավորված չի եղել գործատուի անգործությամբ կամ սխալով։ Մ«ինչև ամսի 20–ը մեր աշխատողները պետք է ստանային մարտի կանխավճարը։ Այսօրվա դրությամբ դա ոչ ոք չի ստացել, ու անորոշ է, թե երբ կստանան»,–ասաց նա։

Բլեյանը ներողություն խնդրեց կրթահամալիրի բոլոր աշխատողներից՝ ստեղծված իրավիճակի համար։

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի անձնակազմը դիմել են և ՀՀ վարչապետին, և ԱԺ պատասխանատու հանձնաժողովներին՝ բարձրաձայնելով հաստատության ֆինանսավորման էական նվազեցման և բյուջետային պակասորդի մասին։

Կրթահամալիրը հայտը ներկայացրել է՝ հիմնվելով իր մոտ գործող 160.000 դրամ դրույքաչափի վրա, սակայն ԿԳՄՍ նախարարությունը հաշվարկն իրականացրել է 140.000 դրամով:  Նախարարության հատկացրած բյուջեն (շուրջ 125.4 մլն դրամ) ավելի քան երկու անգամ պակաս է կրթահամալիրի ներկայացրած հիմնավորված հայտից (շուրջ 285.2 մլն դրամ):

Չնայած կրթահամալիրը բաղկացած է 6 հանրակրթական դպրոցներից և 1 քոլեջից, նախարարությունն այն ֆինանսավորում է որպես մեկ միասնական հանրակրթական հաստատություն, ինչը հանգեցնում է միջոցների կրճատման:

Կրթահամալիրի տնօրենը պնդում է, որ առկա է ավելի քան 200 միլիոն դրամի պակասորդ։ 2026թ. հունվար-մարտ ամիսների համար պետական բյուջեից վճարումները դեռ չեն կատարվել: Աշխատավարձերի ամբողջական վճարումը և կրթական ծրագրերի իրականացումը հայտնվել են վտանգի տակ, առկա է հաստիքների կրճատման վտանգ։