Ես կարող եմ ձեզ պարզաբանել, թե որտեղից է գալիս այդ արգելքը. ԱՄՆ–ում ոչ ոք չի մտածում, որ որևէ փոքր երկիր կարող է իր քաղաքականության վրա ազդեցություն ունենալ, եթե պետական պաշտոններում երկքաղաքացիներ լինեն։ Այս մասին, այսօր՝ մարտի 26–ին, հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանում երկքաղաքացին իրավունք չունի Ազգային ժողով պատգամավոր լինել։
«Փոքր երկրներում միշտ այդ մտահոգությունը կա, թեկուզ հիմա վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Իսրայելի ազդեցությունը շատ հսկայական է Միացյալ Նահանգների վրա։ Ուղղակի այստեղ երևի ճիշտ բալանսը պետք գտնել, որ, օրինակ, եթե պատգամավորը երկքաղաքացի է, օրինակ, ՀՀ–ի և Ֆրանսիայի քաղաքացի, և եթե ինչ-որ մի բան է ասում, չասեն՝ Ֆրանսիայի քո քաղաքացիությունը ազդեցություն ունեցավ։ Այս խնդիրը կա։
Ինձ համար անընդունելի է այսօրվա վիճակը, երբ ասում են՝ դու պիտի հրաժարվես քաղաքացիությունից, չորս տարի էլ պետք է անցնի, որ կարողանաս պատգամավոր լինել։ Օրինակ, Լիտվայում ևս այդ արգելքը կա, բայց եթե մարդ այս պահին հրաժարվում է այլ երկրի քաղաքացիությունից, արգելքը այլևս էլ չի գործում։ Անձնապես ես համարում եմ, որ պետք է ինչ-որ մոդել գտնել նաև քաղաքական պրոցեսին ներգրավվելու հնարավորություն տալու համար հայրենադարձ մեր քաղաքացիներին, բայց այս պահին ես այդ լուծումը չունեմ։
Պատկերացրեք, օրինակ եթե մեկը Ռուսաստանի քաղաքացի է և այստեղ խորհրդարանում շատ ակտիվ ինչ-որ քաղաքականություն է տանում, անպայման կապելու են ԿԳԲ-ի հետ, չգիտեմ ում հետ։ ԿԳԲ-ն 30 տարի է չկա, բայց մեկ է՝ ԿԳԲ-ի փառքը հանգիստ չի տալիս մարդկանց։
ԱԱյս խնդիրը մի մաս պրոբլեմներ լուծելով, ինչքան պրոբլեմներ է ստեղծում։ Ներքին լարվածություն է ստեղծում, թե՞ հակառակը՝ հարթում է»,– ընդգծեց երկրորդ նախագահը։
Քոչարյանը հիշեցրեց, որ Վարդան Օսկանյանը դարձավ ԱԳ նախարար և 10 տարի շատ լավ աշխատեց. «Եթե այսօրվա կարգավորումներով շարժվեինք, ինքը այդ իրավունք չէր ունենա։
Կարելի է սահմանափակումներ կիրառել որոշ ոլորտներում, օրինակ, ազգային անվտանգություն, բանակ, իսկ եթե խոսքը, ասենք, մշակույթի ոլորտի մասին է, այստեղ անվտանգության հարց չկա, և այդ ոլորտում սահմանափակումները կարելի է հանել։
Հայաստանը սփյուռքով և Հայաստանը առանց սփյուռքի տարբեր քաշային կատեգորիաներ են։ Հիմա եթե դու ուզում ես լինել փոքր երկիր, բայց մեծ խաղացող, դու պետք է բոլոր այդ հնարավորությունները ծառայեցնես Հայաստանի համար»,– ընդգծեց նա։











