Մենք չենք կարող հանդուրժել այն, ինչ կատարվում է այսօր դպրոցական դասագրքերի հետ։ Այս մասին, այսօր՝ մարտի 26–ին, հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե

ի՞նչ բարեփոխումներ կիրականացվեն կրթության ոլորտում իր իշխանության գալու դեպքում։

«Այնպիսի բաներ են անում դասագրքերում, որ նույնիսկ այն ինֆորմացիան, որ ես ունեմ, շատ տեղերում ուսուցիչները իրենք չեն ուզում այդ դասագրքերով դասավանդել, ու դա համատարած է։ Իհարկե, այս ամենը պիտի փոխվի և փոխելու ենք։

Այսօր ոստիկանության մի զգալի մասը զբաղված է նրանով, որ ֆեյսբուքյան էջեր է կարդում և հանցագործներ են փնտրում ֆեյսբուքյան տիրույթում։ Դրա հետ զուգահեռ թմրամոլությունը դարձել է մի խայտառակ երևույթ, որի դեմ պայքարը չի երևում։ Այդ տեսանկյունից այն բոլոր քրեական գործերը, որոնք ունեն քաղաքական բաղադրիչ կամ այլ դրդապատճառներ, իհարկե պետք է համաներումով, եթե արդեն վճռները կայացված են, այդ լուծումը հաստատ տալու ենք։ Այո, մեծ համաներումը դա մեր ծրագրային դրույթ է, բայց համաներումը քիչ է, պետք է հասկանանք պատճառը, այդ ոնց եղավ, որ մի ամբողջ համակարգ սկսեց դակել նման կարգի գործեր։

Այս իշխանության մոդելը պետք է փոխվի, որ հաջորդ իշխանությունը ևս  մի քանի տարում չմտածի, որ կարելի է այսպես անել։ Ինձ համար ուղղակի խայտառակ մի փաստ է, երբ SMS-ներով կարելի է ԲԴԽ-ի նախագահ ազատել, քննչական կոմիտեի նախագահին ազատել և այլն։

Լայաղ էլ չեն անում, կանչեն, ասեն՝ այ էս բանը սխալ ես արել, դրա համար քեզ հորդորում ենք դուրս գաս։ Այսօր հանրությունը այդպես էլ չգիտի պատճառները որոնք են, վատ երա՞զն էր, կողքից ինչ-որ բամբասա՞նք էր, թե՞ այլ բան։ Ոչ SMS գրողն է բացատրություն է տալիս, ոչ էլ այդ SMS-ով իր պաշտոնական դիրքերից փախնողը։ Ոչ մեկը բացատրություն չի տալիս և խոսում են ժողովրդավարության մասին, թափանցիկության մասին»։