Իմ կարծիքը այն է, որ դա կազմակերպված էր, ես գիտեմ ում կողմից է կազմակերպված, ես վստահ եմ, որ ինչքան մոտենան ընտրությունները, այնքան շատ են լինելու նման բաներ։ Այս մասին, այսօր՝ մարտի 27–ին, ՔՊ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ մուտքի մոտ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
«Ես գիտեմ՝ որտեղից է ուղղորդված։ Այսինքն գալ, որդեկորույս, անհայտ կորածների ծնողների, բարեկամների մեջ խառնվել և քաղաքական նպատակ հետապնդել, գալ հեռախոսը միացնել և ուղիղ եթերով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին սեռական բնույթի հայոյանքներ հնչեցնել։ Էդ ո՞նց է ստացվում, ես քաղաքացի չե՞մ։ Ես կարծում եմ, որ երկու կամ երեք սուբյեկտ կա, որ կարող է դրա պատասխանը տալ։ Առաջին իրավապահ մարմիններն են, եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, ես վստահ եմ իրենք կգործեն, եթե գտնեն այն կողմի մարդկանց գործողությունների մեջ ինչ-որ բան կա, կարձագանքեն։ Երկրորդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, երեկ շատ շնորհակալություն եմ հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք աջակցության խոսքեր էին գրել ինձ, իմ նկատմամբ այդ հարձակումից հետո։ Ես կարծում եմ, որ նույնիսկ ամենածայրահեղ ընդդիմադիր կայքերի մեկնաբանությունների մեջ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր գնահատականը տվել է։
Եվ երրորդ սուբյեկտը արդեն իմ կուսակցությունն է, եթե իմ կուսակցությունը կգտնի, որ այդտեղ խախտում կա, դրա մասին կասի։ Այս պահին նման քննարկում չկա։
Հերիք է մեզ դեմ տաք, որ դուք պաշտոնյա եք, դուք ԱԺ նախագահ եք, և համարեք, որ կարելի է Ալենին, մյուսին, մյուսին ամեն ինչ ասել։ Չի լինելու, ես ասել եմ, որ որևիցե մեկը թող չխաբնվի մեր դաստիարակությանը, մեր կանոնագրքին, օրենքի նկատմամբ հարգանքին։
Սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր»։
Նշենք, որ երեկ՝ մարտի 26–ին, ԱԺ–ի դիմաց միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Խորհրդարանի դիմաց ակցիա անող՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին է մոտեցել Ալեն Սիմոնյանը։ Խոսակցությունը վերածել է վիճաբանության, որի ընթացքում քաղաքացին հայհոյել է Ալեն Սիմոնյանին։ Վերջինն էլ ի պատասխան քաղաքացուն է հայհոյել քաղաքացուն։ Միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։
Միջադեպից անմիջապես հետո քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան Սիմոնյանն ասել էր. «Իհարկե, ով ինձ հայհոյում ա, պատասխանը տալիս եմ»։
Նա դիմել էր անհետ կորած զինծառայողների հարազատներին. «Շատ անգամ մենք հանդիպել ենք, եթե էս արարքը չդատապարտեք, էս մարդկանց գյամերը չքաշեք, ես երբեք էլ ձեր հետ ոչ խոսելու եմ, ոչ էլ։ Էդ լակոտը, էդ գյադեն իրեն թույլ տվեց ինձ վիրավորել, այլեւս որեւէ շփում ձեզ հետ չեմ ունենալու»։
Ավելի ուշ միջադեպի մասին Ալեն Սիմոնյանը հայտարարել է հետևյալը. «Որեւիցե հայհոյանք չի եղել, «արա» բառից ավել որեւէ բան չի եղել, երբ որ սկսեց չենթարկվել անվտանգության աշխատակիցներին եւ սադրել։ Այնուհետեւ նա սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց, ես իրեն պատասխանեցի եւ փորձեցի հեռանալ»։











