Եթե ներկա իշխանության օրոք եղել է պատերազմի պարտությունը, պատերազմի դավաճանությունը, ներկա իշխանությունը պիտի ավելի շահագրգռված լինի ավելի արագ այդ հարցերի պատասխանները, լուծումները տա։ Այս մասին, այսօր՝ մարտի 27–ին, ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ անդրադառնալով նրան, որ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են հրապարակայնացնել 44–օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը։

«Իրենք ասում են՝ մենք մեղավոր չենք։ Այստեղ հարց է ծագում՝ եթե դուք մեղավոր չեք, օրենքն էլ է ձեր ձեռը, լծակներն ու հնարավորություններն էլ է ձեր ձեռը, այդ հարցերի պատասխանները իրենք կկարողանային տալ, եթե չեն տալիս, ես կարող եմ անվանել իրենց դավաճան, անվանել հանցագործներ։ Ամենամեծ աղետը, այս փորձանքը դուք եք բերել ազգի գլխին»,–ասաց նա։

Անաստաս Իսրայելյանը կասկած հայտնեց, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը չեն հրապարակում, որպեսզի դա բացասական չանդրադառնա առաջիկա ընտրություններում իրենց վարկանիշի վրա. «Դրանց մեջ սարսափելի վախ կա պատասխանատվության։ Այն, որ ձգձգում են, մեծ կասկածանքի տեղ է տալիս։ Դուք էլ հակառակը արեք, մեր աչքը կոխեք, որ դա այդպես չի։ Մենք դիմել ենք ԱԺ երեք խմբակցություններին, մյուս երկուսից պատասխան ստացել ենք, ՔՊ–ից չենք ստացել»,–ասաց նա։

Անդրադառնալով երեկ ԱԺ մուտքի մոտ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին, Անաստաս Դանիելյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանի կողմից է եղել սադրանքը. «Վախկոտ տղամարդու պահվածքը միշտ արդարացումն է։ Մեղավոր մարդը միշտ միանգամից դուրս է գալիս, սկսում է արդարանալ։ Արա, տղավարի քեզ դրսևորի, որ տենց իրավիճակում չհայտնվես, որ ոչ թե դու քեզ արդարացնես, այլ հանրությունը քեզ արդարացնի»։