Գտեք մեկ մարդ, որին նշանակել եմ կարևոր պաշտոնի և եղել է ինձ ազգական կամ համակուրսեցի։ Այս մասին այսօր Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինչ վերաբերում է թայֆայական մոտեցմանը, ես 10 տարի նախագահ եմ եղել, գտեք մեկ մարդ, որը նշանակվել է կարևոր պաշտոնի, որը ինձ բարեկամ է կամ ազգական։ Ուղղակի գտեք, հրապարակեք այդ մարդու անուն-ազգանունը, որը ինչ-որ կարևոր դիրքում էր՝ չկա։ Կամ, օրինակ, համադասարանցի, կամ համակուրսեցի։ Իմ համակուրսեցիներից միայն մեկը Մարտունու շրջանում միլպետ էր, այն էլ ես իմացել եմ իր նշանակման մասին հետո, որ այցելել եմ այդ մարզ։ Չգիտեի, Հայկ Հարությունյանը նշանակել էր։ Հիմա որ նայում ես՝ քավոր, սանիկ, աներձագներ, չգիտեմ ինչեր․․․ Էդ ձագերն էլ այնքան շատ են։
Ես մանկատնից չեմ եղել, ես էլ շատ բարեկամներ ունեմ, հարազատներ։ Բայց ինչ-որ մի պլանկա կա, որ այդ պլանկային հետևում ես, ասում ես՝ ամոթ ա, սա խոսակցությունների թեմա չդառնա, վստահության կորուստի հարց չդառնա, թայֆա ձևավորելու մոդել չձևավորենք։ Հիմա այդ բոլորը ոչնչացրած է, սկզբունք չկա»,– ասել է Քոչարյանը։











