Իշխանության համար տհաճ վերջին մի քանի միջադեպերից հետո, երբ քաղաքացիները ընդիմացան, մեկը ձեռքը չմեկնեց, մեկը խանութի դուռը չբացեց, մեկը ինչ-որ քննադատողական տեքստեր հնչեցրեց, իրենք հասկացան, որ ուղիղ եթերում դա բացասական քարոզչական ֆոն է ցույց տալիս, հետևաբար բացի շրջիկ ավտոբուսից, հիմա արդեն տարբեր տարիքային ցենզի, սոցիալական կարգավիճակի մարդիկ են իրենց հետ շրջում զուգահեռ մեքենաներով, տարբեր հագուստներով, որպեսզի իրենց դիմավորեն, քարոզչական դրական կոչեր, գնահատականներ հնչեցնեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Սա բեմականացված քաղաքական PR միջոցառում է, և այս գործիքակազմը տարբեր երկրերում տարածված է։ Իրենք հասկանում են, որ 7 տարի հետո փաստացիորեն իշխանությունն ունի հեղինակության ամենացածր շեմը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ըստ ընդդիմադիրների տրամաբանության, իշխող ուժն ընդհանրապես պետք է ռեյտինգ չունենար, բայց այսօր բոլոր ուժերից առանձին–առանձին ավելի բարձր վարկանիշ ունի, Ղևոնդյանն ասաց. «Պոպուլիստական լիդերներ, որոնք պոպուլիզմով են եկել կամ բերվել իշխանության, իրենք միշտ երկար են մնում, որովհետև կա հասարակության մի շերտ, որ այնուամենայնիվ հավատի տակ է ապրում։ Կան նաև շրջանակներ, որոնք հավատով չեն ապրում, բայց բիզնես շրջանակներ են, ովքեր իրենց կոմֆորտ են զգում գործող իշխանության պայմաններում։ Այդ մարդիկ մասնակցում են ինչ-որ տենդերների, ինչ-որ արտոնյալ կարգավիճակներ են ունենում, ինչ-որ շենքեր, հյուրանոց են սարքում։ Իրենց համար մի աքսիոմ, որ դե Արցախի հանձնումն անխուսափելի էր, հիմա եկեք այս պայմաններում արդյունավետ տնտեսվարում իրականացնենք։ Սրան գումարվում է պետական սեգմենտը, հատկապես ուժայինները, իրենց կից մարդիկ։
Բացի այդ, այսօր աշխարհում տեսնում ենք մի շարք լիդերների, թե ինչքան աբսուրդային տեքստեր են հնչեցվում, ինչքան ոչ ադեկվատ վարքաբանություն, ինչքան հիստերիկ կամ վտանգավոր որոշումներ են կայացնում, և այդ մարդիկ շարունակում են մնալ իշխանության։
Պոպուլիզմը, նեյրոլինգվիստիկ պլանավորումները, տարբեր տիպի վախի էլեմենտները, վախի, շանտաժի գործիքակազմը, ընդիմության առանձին կերպարների դեմոնիզացիան, նախկինների պիտակավորումները, հասարակության բաժանումը, սևեր-սպիտակների և տարբեր պատերազմ-խաղաղություն թեզերի, մարդիկ նախապես պետք է ունենան կենցաղային, սպառողական մտածողության համապատասխան մակարդակ։
Բնականաբար այդ կեղծ թեզերի կամ մասամբ հիմնավոր, բայց պոպուլիստական թեզերի արմատները բավական լավ էին տարածվելու։
Մեր տիպի երկրներում հաճախ ապացուցելիության բազա պետք չի, բամբասանքը ինքնին աքսիոմ է դառնում, մարդիկ խոհանոցում նստում են սուրճի սեղանի շուրջ կամ բակում, որոշում են աշխարհի իրականությունը։
Կան քաղտեխնոլոգիաներ, որոնք մեր տիպի հասարակություններում, որոնք ավելի շատ էմոցիայի, հավատի, հույսի շրջանակում են և ոչ թե հարցեր տալու մտածողության և քայլ անելու, բավական լավ են աշխատում։ Գործող վարչապետը, նրա թիմը շատ հստակ գիտեն, երբ ասեն, ինչ ասեն, ինչու ուտեն, ասենք, եգիպտացորեն, կարկանդակ և այլն։ Դրա արդյունքում բոլորը իր մասին են խոսում, ու այդ աղմուկի մեջ ամբողջ քաղաքական ինֆորմացիան վերանում է։ Ինքը շատ հստակ հասկանում է այդ ամենը»։
Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե իշխանության գան ընդդիմադիր երեք ուժերը («Հայաստան», «Ուժեղ Հայաստան» և ԲՀԿ), ապա աղետալի պատերազմ կլինի սեպտեմբերին, Ղևոնդյանն ասաց. «Այստեղ կա երկու էլեմենտ. սիմվոլիզմ+վախի էլեմենտ և քաղաքական պայմանaվորվածության էլեմենտ: ինչի՞ է հենց ասում` սեպտեմբեր ամիսը, որովհետեւ նախորդ պատերազմը սեպտեմբերին էր։ Սեպտեմբերով վախեցնելը, սեպտեմբերի հիշողության վրա հղում անելը ազդեցություն է մարդկանց վրա։ Երկրորդ, այսպիսի կերպարները հասարակությունը բաժանում են երկու մասի. Ասում է՝ ես խաղաղության ուժն եմ, նրանք պատերազմի ուժն են։
Խաղաղությունը բառով, թղթով երբեք չի լինում, բայց խաղաղության արժեքաբանությունը, փիլիսոփայական իմաստով ինքը ծախում է հասարակության վրա, որովհետև բացի իրենից մյուս թիմերը խոսում են ուժեղ Հայաստանի մասին։ Փաշինյանը միակ մարդն է, որ ուժի մասին երբեք չի խոսում, ասում է՝ մեր ուժը մեր թուլության մեջ է։ Դա շատ հին կոնցեպտ է, որը գալիս է դեռ Լևոն Տեր-Պետրոսյանից։ Սա էդ կաթը կերել է»։
Քաղաքագետի խոսքով, Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, թե ինչ իր համար կարժենա թեկուզ մեկ ժամով իշխանազրկումը, հետևաբար, պատրաստ է ամեն ինչի՝ քաղաքացիական պատերազմից սկսած ռազմական սադրանքով ու բոլոր ընդդիմադիրներին կալանքի տանելով վերջացրած. «Այ դրա համար հաճախ ես այդ մարդկանց հետ հանդիպումներում հարցնում եմ՝ ովքեր են ձեր երկրորդ համարները, երրորդ համարները, որ եթե առաջին դեմքերին կալոնավորեն, գոնե քաղաքական այդ միավորները կարողանան վարքաբանություն դրսևորել։
Ես ուղղակի սցենարներ չեմ ուզում ասել, որպեսզի որևէ մեկին չհուշեմ։ Նա կարող է իր քաղաքական հակառակորդներից որևէ մեկի մասով ասել՝ սադրանք է արել հայ-ադրբեջանական սահմանի այս կետում, բռնեն կալանավորեն, այնտեղ Ադրբեջանից սկսեն քաղաքական հայտարարություններ, որ հեսա մենք ռազմական գործողություններ կսկսենք, ինքը ուղիղ եթեր կմտնի, կասի՝ ես ձեզ ասում էի, որ պատերազմի կուսակցություն են, հետևաբար մենք ստիպված ենք չեղարկել ընտրությունները կամ սառեցնել ընտրական պրոցեսները և Հայաստանում արտակարգ դրություն մտցնել»,–ասաց նա։











