Երեկ Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված երիտասարդներից Դավիթ Մինասյանը գիշերը ՁՊՎ–ում վատացել է։ Այս մասին քիչ առաջ ՆԳՆ–ի դիմաց ակցիայի ժամանակ ասել է նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը։

«Այցելել եմ տղաներին։ Դավիթը ունեցել է առողջական խնդիր, Միքայելի առողջական վիճակը փոքր ինչ ավելի լավ էր, քան Դավիթինը։ Դավիթի համար երեկ Շտապօգնություն են հրավիրել, անգամ առաջարկ է եղել, որպեսզի հոսպիտալացնեն երեխային, սակայն, Դավիթը հրաժարվել էր, բայց այսօր էլ ընդամենը երևի մի կես ժամ առաջ ենք տեսել, էլի նույն գլխացավերն ուներ»,– ասել է Էլբակյանը։

Պաշտպանը կրկին ընդգծել է, որ տղաները որեւէ քաղաքական կուսակցության անդամ չեն, նրանց ընտանիքի անդամները՝ նույնպես։

«Ձերբակալված երրորդ անձի՝ Գեւորգ Գեւորգյանի հետ նույնպես որեւէ առնչություն չունեն»,– ասաց նա։

Նշենք, որ նախարարության դիմաց հավաքվել են Դավիթի եւ Միքայելի դասընկերները, ծնողներ, որոնք ապշած են կատարվածից։