Այնտեղ տարբեր միջադեպեր կան, Դավիթին հրելը, Դավիթի ընկնելը, ձեռքի անկանոն շարժվելը և Դավիթին հարվածելը ու նորից Դավիթի ընկնելը. տարբեր կադրեր կան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ անդրադառնալով մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։

«Խնդրում եմ՝ ուշադիր նայեք, հարված կա՞, թե՞ չկա։ Մի կարմիր տողով գնաց լրատվություն հարված ու այդ հարվածը դարձավ ճակատագրական այս պատանիների համար։ Խնդրում եմ, հարգելի հասարակություն, որքան էլ, որ դուք բևեռացված եք կամ բևեռացված չեք, լինենք անաչառ, 12-րդ դասարանում սովորող երեխեք են ախր։

Գործ ունենք միջին ծանրության հանցագործության հետ, երբևէ տեսե՞լ եք 2-5 տարի նախատեսող հոդվածով տանեն 18 տարեկանի կալանավորեն»,–ասաց նա։

Դիտրկմանը, որ նախօրեին ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը որոշ մանրամասներ էր ներկյացրել Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների մասին, Էլբակյանն ասաց. «Ինձ համար անգամ զարմանալի է, թե Դանիել Իոննիսյանը որտեղից այդ ամբողջ տեղեկատվությունը գիտեր, որովհետև եթե դուք նկատել եք, մենք իրավունք էլ չունենք դրա մասին շատ բարձրաձայնելու։ Դավիթ Մինասյանը հոգեկան որևէ խնդրով չի տառապում, Դավիթ Մինասյանը ունի առողջական խնդիրներ, նա պայծառ, գիտակ, գրագետ տղա է, ընդհանրապես որևէ հոգեկան խնդիր չունի, ինչը որ Դանիել Իոնիսյանն էր ներկայացրել։

Մենք Դանիել Իոննիսյանի կոչին, անկախ իմ վերաբերմունքից, դատարանում հրապարակավ միացել ենք, որ խնդրում ենք այս տղայի նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոց մի ընտրեք»։

Ինչ վերաբերում է նրան, որ Միքայել Մինասյանի համար կիրառվել է 5 մլն դրամի գրավ, արդյոք ընտանիքն այդքան գումար ունի, փաստաբանն ասաց. «Անկախ նրանից՝ ընտանիքը հնարավորություն ունի, թե չունի, այս ընտանիքը այնքան հարգված ու սիրված է, երևի թե մեր ընկերությունն է արդեն հավաքել այդ գումարը, ես տեղյակ չեմ։ Այս պահին անգամ չենք էլ գնացել վճարելու։ Մենք Դավիթի համար էլ ենք գրավի գումար առաջարկել, 5 միլիոնից սկսած, ինչը որ դատարանը բավական կհամարի։ Այս ընտանիքի համար բոլորս պատրաստ ենք ամեն ինչ ներդնելու»։

Նշենք, որ քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս լուրն իմանալուց հետո երկվորյակների մայրը՝ Գայանե Մինասյանի ինքնազգացողությունը վատացավ։ Նա անդադար լալիս էր։

Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։

Նույն գործող անցնող հասարակական գործիք Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում

Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),

Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և

Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։