Տղաս՝ Դավիթը արդեն «Արմավիր» ՔԿՀ–ում է, ներսում է, ես էլ բերել եմ իր բոլոր բժշկական փաստաթղթերը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 1–ին, «Արմավիր» ՔԿՀ–ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 18–ամյա Դավիթ Մինասյանի մայրը՝ Գայանե Մինասյանը։

«Սա չորս տարեկանից իր բոլոր էպիկրիզներն են, բոլոր հետազոտությունները։ Իմ տղան ռեցեպտով դեղորայք պետք է ստանա, քանի որ անաֆիլաքսիայի ռիսկով ալերգիա ունի։ Էդ դեղերը պետք է այստեղ ցույց տամ, որ մարդիկ իմանան, չգիտեմ պրոցեդուրան ոնց է, փաստաբանները կասեն։ Ինքը սննդային ալերգիա ունի, անգամ գրեչկա, ոսպ, ձեթ չի կարելի։

Ես ասել եմ՝ բալես խնդրում եմ, հիշիր այն ամբողջ ցանկը, ինչից դու ունես, որովհետև դեղ չունի մոտը։ Մենք ռեցեպտով ինժեկտորները ունենք ալերգիայի, հիմա նոր պետք է այստեղ ներկայացնեմ։ Ինքը չունի էդ դեղերը՝ սրտային ալերգիա, սննդային, դեղորայքային։ Ասենք սովորական նոշպայից ու յոդից ալերգիա ունի։

Իմ մտահոգությունը իմ երեխայի առողջությունն է, իր կյանքն է, որ այս պայմանները իր առողջության ու կյանքի հետ անհամատեղելի են։ Դրա համար եմ խնդրել ու խնդրում եմ, որ ես կարողանամ ուղղակի հոգ տանեմ, որ իր կյանքին ոչ մի բան չսպառնա»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանն այսօր դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ էր արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։

Այսօր ՔԿՀ մուտք գործելու ժամանակ Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, նրան տեղափոխել են «Էջմիածին» ԲԿ, ուշքի են բերել և նորից տեղափոխել ՔԿՀ։

Ընդ որում, այսօր տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, որ վարչապետի թիկնապահը հարվածում է Դավիթ Մինասյանին։

Հիշեցնենք, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում

Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),

Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և

Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։