Փաստաբան Արմեն Մելքոնյանը հիմա կհանդիպի Դավիթ Մինասյանին, մեզ հենց նոր տեղեկացրեցին, որ ծնողները և երեխաները գլխավոր դատախազության մոտ ակցիա են ուզում իրականացնել, չգիտեմ անգամ, թե ովքեր են կազմակերպել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 1–ին, «Արմավիր» ՔԿՀ–ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Հիմա հավաքվում են այնտեղ, դրա համար մենք դուրս եկանք, որպեսզի գնանք այնտեղ միանանք։ Արդեն մտավախություն ունեմ, հանկարծ նրանց հետ էլ մի բան չպատահի։ Ասացին, որ Դավիթի ընկերական շրջապատն է և ծնողներ։
Արմեն Մելքոնյանը կտեսնի Դավիթին, իսկ մայրկը, կարծում եմ՝ չի կարողանա տեսնել, որովհետեւ դատարանը դա էլ է սահմանափակել։ Մայրիկը ընդամենը բժիշկներին ներկայացնում էր, թե ինչ խնդիրներ ունի Դավիթը և վատանալու ընթացքում օգնությունը ինչպիսին պետք է լինի, ինչից ունի ալերգիա և այլն»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանն այսօր դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ էր արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։
Այսօր ՔԿՀ մուտք գործելու ժամանակ Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, նրան տեղափոխել են «Էջմիածին» ԲԿ, ուշքի են բերել և նորից տեղափոխել ՔԿՀ։
Ընդ որում, այսօր տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, որ վարչապետի թիկնապահը հարվածում է Դավիթ Մինասյանին։
Հիշեցնենք, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում
Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։











