Ի պաշտպանություն Մաշտոցի այգու, մեկ շաբաթից ավել բողոքի ակցիա անող բնապահպան ակտիվստներն այսօր` փետրվարի 20-ի գիշերը, չեն մնալու այգում: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց բնապահպան, ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը` հավելելով, որ կարող են լինել մարդիկ, ովքեր ցանկանան գիշերել իրենց այգում:
Նա տեղեկացրեց, որ դիմելու են ՀՀ նախագահին, ինչպես նաեւ այգում արդեն մարդիկ գրանցվում են, որ որպես հայցվորներ դիմեն դատարան: Մարիամ Սուխուդյանը տեղեկացրեց, որ թիրախային վայրերում ակցիաները շարունակվելու են, այդ թվում` Մաշտոցի այգու, Երեւանի քաղաքապետարանի, նախագահի նստավայրի մոտ, բայց դրանք լինելու են ինքնաբուխ: Միեւնույն ժամանակ, Մարիամը նշեց, որ իրենց ակցիաները խաղաղ են, այգու գույքը չեն վնասել, ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չեն մտել:
Մեկ այլ ակտիվիստ հայտարարեց, որ պայքարը տեղափոխում են իրավական հարթություն, դիմելու են նախագահին նամակով` խնդրելով դադարեցնել շինարարությունն` այգում:
Ի դեպ, NEWS.am-ի թղթակիցը ֆիքսեց, թե ինչպես այգին հսկող ոստիկաններից մեկն աղջիկ լրագրողներից մեկին նախատեց, թե «ինչի՞ ես եկել նկարես, գնա լվացք արա»:
Նշենք, որ բնապահպան ակտիվիստների ակցիային միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու այգում «բուտիկներ» տեղադրելու դեմ: Մասնավորապես, այգի են ժամանել դերասան Հովհաննես Ազոյանը (Հովո), «Կարգին Սերիալ»-ից` Հայկ Մարությանը (Հայկո), դերասաններ Երվանդ Մանարյանը, Աշոտ Ադամյանը, նաեւ հեռուստահաղորդավարներ Նվեր Մնացականյանը (Հ1), Արթուր Կիրակոսյանը («Երկիր մեդիա»), երգիչներ Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը եւ այլք:
Երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հույս ունի, որ միասնությունը կտա արդյունք: Նրա խոսքով` սա Երեւանի եզակի այգիներից մեկն է, որը ցանկանում է տեսնել կանաչապատված, նոր նստարաններով, շատրվանները գործող եւ մարդկանցով լի, ովքեր իրենց ժամանակն այստեղ կանցկացնեն:
Ինչ վերաբերում է ակցիային միանալով իշխանությունների հետ հարաբերությունները փչացնելու հեռանկարին, դերասանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ կփչացնեմ իմ հարաբերությունները իշխանությունների հետ: Ես պատրաստ եմ կանգնել այն մարդկանց կողքին, որոնց ցանկությունները բարի են եւ հարազատ իմ սրտին: Որեւէ խոչընդոտից չեմ վախենում, համենայն դեպս, չեմ կարծում, որ ապրում եմ այնպիսի երկրում, որ նմանտիպ ակտիվությունները կարող են խնդիր առաջացնել: Չեմ կարծում, որ քաղաքացիական դիրքորոշումը խնդիր առաջացնի աշխատանքի հետ կապված: Ի՞նչ պետք է անեն, ինձ ի վերուստ տրված շնորհը կվերցնե՞ն ինձնից»:





Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի











