Այստեղ եմ աջակցությունս հայտնելու Դավիթի ընտանիքին և իրեն աջակցողներին, այս քաղաքական հետապնդման շրջանակներում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14–ին, Գլխավոր դատախազության դիմաց նստացույցի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Ցավոք սրտի, շատ վաղուց չէր, որ նմանատիպ խնդրով ինքս էի այստեղ ակցիայի որպես մասնակից, մեկ այլ վստահորդի՝ Արսեն Ղուկասյանի դեպքով ու այստեղ շատ ցավալիորեն նմանատիպ զուգահեռներ եմ տեսնում, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդուն բառի ուղիղ իմաստով խոշտանգում են և գնում են քաղաքական և  իրավական արկածախնդրության՝ իրապես ռիսկի տակ դնելով մարդու կյանքը, այս դեպքում 18-ամյա երիտասարդի կյանքը։

Նման մոտեցումը անընդունելի է ու կապ չունի, թե ինչքան խառը ժամանակներում ենք ապրում, երբ որ կան համընդհանուր կանոններ և կարմիր գծեր։ Համոզմունքս է, որ դրանք պետք է պահպանվեն։

Ինչքանով փորձում եմ հետաքրքրվել ծանոթներից, հասկանում եմ, որ Դավիթի վիճակը լավ չէ։ Առողջական սկզբնական դրությունը համադրված այն հարվածի հետ, որ ինքը ստացել է, ես չեմ ուզում մասնագիտական այլ տիրույթ գնալ, բայց ինչ-որ գիտելիքներ ինձ հուշում են, որ կարող են նաև շատ ծանր հետևանքներ ունենալ։ Դավիթի այդ դրությունը անվասայլակով տեղափոխելը, սա ոչ միայն խոստանգում է առողջական իմաստով, նաև սա ուղիղ անձի պատվի ու արժանապատվության ոտնահարում է։

Այս դեպքում ուղղակի իշխանությունները ևս մեկ անգամ մարդկանց սարսափեցնում են, ահաբեկում են, որ հանկարծ չփորձեն թեկուզ թարս հայացք նետել ֆյուրերի ուղղությամբ։ Այս ապարատը, այս բռնաճնշումները գնալով ավելի ու ավելի ու ավելի սաստիկ են դառնում ու չեն ճանաչում որևէ հանգամանք, ոչ առողջական դրություն, ոչ սեռ, ոչ տարիք, ոչ մի հանգամանք»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։

Կալանավորումից հետո Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը վատացել է, գիտակցության կորուստ է ունեցել, որից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյանի» ԲԿ, ապա «Նաիրի» ԲԿ։

ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում

Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),

Միքայել Մինասյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և

Գևորգ Գևորգյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։

Այս պահին Դավիթ Մինասյանը կրկին հիվանդանոցից տեղափոխվել է ՔԿՀ։