Երկաթգծի կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանից վերցնելու և այլ երկրին, օրինակ, Ղազախստանին փոխանցելը ձեռնտու է նաև Ռուսաստանին։ Այս մասին այսօր, ապրիլի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը։
«Ես կարծում եմ, դա և ռուսների համար է ձեռնտու, որովհետև ես գիտեմ, որ այսօր բավականին ֆինանսական և տարբեր խնդիրներ կան։ Ցանկալի է ինչո՞ւ։ Որովհետև Ռուսաստանի հետ կպնելու ենք մենք մեկ է, ինչ-որ մի տեղով, և լավ կլինի, որ Ռուսաստանը ճիշտ որոշում կայացնի, այդ փոխհարաբերությունները ստեղծի։ Ռուսաստանը նույնպես շահելու է, որովհետև տարածաշրջանը սկսելու է շնչել։ Այլ երկրներից, օրինակ, Հնդկաստանից ապրանք է գալու Հայաստանով անցնի, որտեղ Ռուսաստանն էլ է մաս ունենալու», - ասաց նա։
Սուքիասյանը հավելեց, որ պետք է ամեն ինչ անել տարածաշրջանի հարստացման համար, և որպես օրինակ բերեց 1950-ականների Եվրոպան, որը ճիշտ որոշումների՝ Եվրամիություն ստեղծելու, սահմանները բացելու, տնտեսությունը ազատականացնելու և միասնական արժույթ ստեղծելու արդյունքում բարգավաճել է։
Թե որքանով է ադրբեջանական բենզինի ներկրումը Հայաստան անխափան իրականացվում, պատգամավորը պնդեց, որ տեղեկություն չունի։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե իր ընտանեկան բիզնեսները դիտարկում են Ադրբեջանով ապրանք արտահանելու հնարավորությունը, Սուքիասյանը նշեց, որ եթե գնային քաղաքականությունը լավը լինի, ոչ միայն իր ընտանիքը, այլև ցանկացած ընտանիք կցանկանա «ավելի մրցունակ լինել»։
«Ես վստահ ձեզ ասում եմ, և ես պաշտպանելու եմ այն մարդկանց, ովքեր որ ուզենալու են ավելի մրցունակ լինել, թեկուզ Ադրբեջանի տարածքով», - ասաց նա։
Դիտարկմանը, թե Ռոբորտ Քոչարյանն առաջարկում է ոչ թե Ադրբեջանի տարբերակը դիտարկել, այլ բանակցել Աբխազիայի հետ աբխազական երկաթգիծը գործարկելու վերաբերյալ, Խաչատուր Սուքիասյանը հակադարձեց․ «Ապրեք դուք, ես շնորհավորում եմ ձեզ, բա 20 տարի Աբխազիայի հետ ի՞նչ էին անում։ Նարդի՞ էին խաղում 30 տարի, ի՞նչ է եղել Աբխազիայի հետ, բա ու՞ր է։ Մի օր Վրաստանը չէր համաձայնվում, մի օր Աբխազիան, մի օր Ռուսաստանի Դաշնությունը։ Լավ գիտեք, թեկուզ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից էլ այդ խոսակցությունը գնացել է, որ կարող է Աբխազիան բացվի։ Հիմա այդ կարողան 30 տարի անցել է, լավ, լուրջ չի», - ասաց նա։











