Աֆղանստանում թափ են հավաքում ցույցերն ընդդեմ ամերիկացիների կողմից Ղուրանի այրման. դրանք ընթանում են միանգամից մի քանի նահանգներում: Ցույցերի ցրման արդյունքում կան զոհեր եւ տուժածներ:
Մոտ 10 մարդ է վիրավորվել Աֆղանստանի մայրաքաղաքի արեւելյան հատվածում, որտեղ ցուցարարները արգելափակել էին «Ֆենիքս» ռազմակայանը` քարեր նետելով դրա վրա: Ցուցարարները կոտրել են խանութներն ու մեքենաների ապակիները: ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը այսօր փակվել է եւ աֆղանցի աշխատակիցներին ուղարկել տուն:
Ցուցարարներն այրել են այսպես կոչված «կանաչ գյուղի» շենքերից մեկը, որտեղ բնակվում են օտարերկրյա ռազմակայանների եւ միջազգային կազմակերպությունների վարձու աշխատողները: Շենքն ամբողջությամբ այրվել է, մոտ 1,5 հազար մարդ մնացել է առանց տանիքի:
Ջելալաբադ քաղաքում ցույցի ժամանակ երկու մարդ վիրավորվել է ոստիկանության հետ բախումներում, կենտրոնական շուկայում այրվում են շինությունները:
Փարվան նահանգի Շինվարի գավառում գազազած ամբոխը ոչնչացրել է վարչական կառույցը: Առնվազն երկու մարդ զոհվել է, եւս 11-ը վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Աֆղանական հեռուստաալիքները հաղորդում են, որ ցույցեր են սկսվել նաեւ Կապիսա նահանգում: Ստացվող տեղեկություններով, ցուցարարների շարքում զոհեր եւ վիրավորներ կան:











