Վրացական Helio.AI ընկերությունը, որն արհեստական բանականության վրա հիմնված HR տեխնոլոգիական հարթակ է, պաշտոնապես հայտարարեց հայկական շուկա մուտք գործելու մասին։ Այդ մասին ազդարարվեց Երևանում Վրաց–Հայկական Բիզնես Ասոցիացիայի գործունեության մեկնարկի ժամանակ, երբ Helio.AI–ը ստորագրեց համագործակցության համաձայնագրեր հայկական գործընկեր կազմակերպությունների հետ։ Այդպիսով, ստեղծվեց հիմք տեղական գործունեության ընդլայնման և երկարաժամկետ համագործակցության համար։
Helio.AI-ի հարթակի նպատակն է նոր մակարդակի բարձրացնել աշխատակիցների հավաքագրման գործընթացը։ Տեխնոլոգիական այս լուծումը թույլ է տալիս ավտոմատացնել և արագացնել թափուր հաստիքների համար թեկնածուների որոնումը՝ զգալիորեն թեթևացնելով մասնագետների բեռը։

Հայաստանում ողջունում են վրացական ընկերության մուտքը։ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ Helio.AI–ի մուտքը վկայում է, որ տարածաշրջանը դառնում է տեխնոլոգիական համագործակցության ու նորարարության զարգացող կենտրոն։ «Արհեստական բանականության կիրառումը նոր հնարավորություններ է ստեղծում աշխատանքի շուկայի արդյունավետության բարձրացման և մարդկային կապիտալի զարգացման համար»,– իր ելույթում նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը։

Helio.AI-ի համար Հայաստանի շուկան առանցքային նշանակություն ունի։ Սա ընկերության տարածաշրջանային ընդլայնման ռազմավարության կարևորագույն փուլերից է։ Այս քայլը վկայում է միջսահմանային և տարածաշրջանային ընկերությունների աճող հետաքրքրության մասին՝ Հայաստանում իրենց ներկայությունն ու գործընկերությունները ընդլայնելու ուղղությամբ։
Տեխնոլոգիական ընկերության տնօրեն Իա Ջիկիան լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայկական շուկան ընտրվել է դրա մասշտաբայնության և տեխնոլոգիական աճի բարձր տեմպերը հաշվի առնելով․ «Մենք արդեն գործում ենք ութ երկրներում և հպարտ ենք լինել նաև Հայաստանում։ Այսօր HR մասնագետներն իրենց ժամանակի շուրջ 70%-ը ծախսում են մեխանիկական աշխատանքի վրա։ Մենք ավտոմատացնում ենք այդ գործընթացները, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ ամենակարևորի՝ մարդկանց վրա»։

Հատկանշական է, որ Helio.AI-ն ընդամենը 2 տարվա պատմություն ունի, սակայն արդեն սպասարկում է 500-ից ավելի հայտնի բրենդների տարբեր երկրներում։ Որպես ստարտափ՝ այն սկզբնական փուլում աջակցություն է ստացել CARE Caucasus-ի «Her Power, Her Future» ծրագրից։ Իսկ Հայաստանի շուկա մուտքին օգնել է Վրաց-Հայկական Բիզնես Ասոցիացիան: Ասոցիացիայի հիմնադիր-տնօրեն Լալի Սվիմոնիայի խոսքով՝ Helio.AI-ը ասոցիացիայի առաջին պաշտոնական նախագիծն է Հայաստանում, սակայն կան 20-ից ավելի վրացական ընկերություններ, որոնք հետաքրքրված են հայկական շուկայով։

Մինչ պաշտոնական մեկնարկը, Helio.AI-ը մանրամասն ուսումնասիրել է հայկական շուկան։ Առաջիկայում ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան տեղական գործարարների հետ՝ ներկայացնելու AI լուծումների գործնական կիրառությունն ու այն խնդիրները, որոնք հարթակը կարող է լուծել հայաստանյան գործատուների համար։











