Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայերի ազատ արձակումը մնում է գլխավոր և անվերապահ առաջնահերթություն։ Այս մասին ապրիլի 23-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
Նրա խոսքով՝ ինքն այս հարցը բարձրացնում է բոլոր մակարդակներում՝ թե՛ ՀՀ իշխանությունների հետ քննարկումներում, թե՛ միջազգային հարթակներում ու օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ։ Մանասյանն ընդգծել է, որ սա սոսկ քաղաքական պահանջ չէ, այլ մարդու իրավունքների համընդհանուր չափանիշներից բխող պարտավորություն։
Մարդու իրավունքների պաշտպանն առանձնակի անդրադարձ է կատարել նաև կալանավորվածների պահման պայմանների մշտադիտարկման հարցին։ Ըստ նրա՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության միակ գործուն միջոցը կարող է լինել լայն լիազորություններով օժտված, անկախ ու միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը. առանց դրա՝ ցանկացած երաշխիք կմնա լոկ հայտարարությունների մակարդակում։
Ադրբեջանի օմբուդսմենի հետ հնարավոր շփումների և գերիների ու հարազատների միջև հանդիպումներ կազմակերպելու ջանքերի մասին հարցին Մանասյանը պատասխանել է խուսափողական ձևով՝ նշելով, որ հրապարակման ենթակա տեղեկատվություն ունենալու դեպքում հանդես կգա հայտարարությամբ։ Միաժամանակ նա լրագրողներին զգուշության կոչ է արել՝ շեշտելով, որ թեման բազմաշերտ է և առնչվում է թե՛ անվտանգային, թե՛ պաշտպանի ինստիտուտի կարգավիճակին վերաբերող զգայուն հարցերին։
Մանասյանը նաև մտահոգություն է հայտնել երկրի հանրային ու քաղաքական դաշտում տիրող ընդհանուր մթնոլորտի վերաբերյալ։ Նա նշել է, որ տարբեր քաղաքական ուժերի հայտարարությունները հաճախ հատում են խոսքի ազատության թույլատրելի սահմանները։ Նա հանրային քննարկումների բոլոր մասնակիցներին հորդորել է լինել առավել պատասխանատու։











