«Շատերդ գիտեք, որ ես նախիջևանցի եմ։ Մեր ընտանիքը Մասիս է տեղափոխվել 1969 թվականին։ Ե՛վ Մասիս քաղաքում, և՛ շրջակա գյուղերում շատ նախիջևանցիներ կան։
Մասիս քաղաքում և հարակից գյուղերում ապրում են նաև Արցախից եկած մեր բազմաթիվ քույրերն ու եղբայրները, և բնական է, որ զրույցը շատ ավելի անկեղծ ու ճշմարիտ կլինի»։ Այս մասին Մասիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Բացի նրանցից, ում թվարկեցի, մենք գտնվում ենք Մասիս քաղաքում, ասենք՝ Արարատի տակ, որից այսօրվա իշխանությունները, չգիտեմ որ կենդանու պես, այդպես սարսափած են, վախենում են այդ բառերից։ Եվ այն, ինչ նրանք արեցին ու շարունակում են անել մեր երկրի հետ, մենք բոլորս պետք է հասկանանք, որ նրանց իշխանությունից հեռացնելուն և հայկական ազգային իշխանություն ձևավորելուն այլընտրանք չկա, եթե չենք ուզում, որ վաղը Մասիս քաղաքը կոչվի «Զանգիբասար»»,- ասել է նա։
Պատգամավորը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջ քաշած նախապայմանի համաձայն՝ 300,000 ադրբեջանցիներ պետք է վերադառնան իբր իրենց տները։
«Իսկ իրենք ոչ մի խոսք չեն ասում նրանց, որ նույն ժամանակահատվածում Ադրբեջանից շուրջ 500,000 հայ է տեղահանվել։
Եվ իրենք ոչինչ չեն հակադարձում այն ամենին, ինչ ասում են Ալիևը, ադրբեջանցիները, թուրքերը կամ Թուրքիան. մի ուրիշ կենդանու նման վախից ծպտուն չեն հանում, և դուք տեսաք վերջին խայտառակությունը։ Նրանք հողին հավասարեցրին Ստեփանակերտի հսկայական, վեհաշուք եկեղեցին, իսկ սա (իշխանությունը) խոսում է միայն ջահերով երթի ժամանակ թուրքական դրոշն այրելու մասին։
Սիրելի՛ ժողովուրդ, ընտրությունն ակնհայտ է։ Դուք հիմնականում տեսել եք «Հայաստան» դաշինքը տարիների ընթացքում։ Եվ ես վստահ եմ, որ դուք բոլորդ ծանոթ եք նախագահ Քոչարյանի գործունեությանը։
Այդ մարդը վերջին քառասուն տարիների ընթացքում՝ 1988 թվականից ի վեր, եղել է մեր ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկը։ Նա թիվ մեկն էր Արցախում, և նրա ողջ գործունեությունն ուղղված է եղել բացառապես հայկական պետականության պահպանմանը, պետական և ազգային շահերի գերակայությանը»,- ասել է Աղվան Վարդանյանը։











