Հայաստանի իշխանությունների՝ կենսաթոշակների բարձրացման մասին որոշումը քաղաքական էր. նրանք որոշեցին բարձրացնել թոշակները՝ առանց բյուջեում համապատասխան գումարներ նախատեսելու։ Այս մասին Մասիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Այսպես է նա պատասխանել Մասիսի բնակչուհու այն հարցին, թե արդյոք մեկ-երկու ամիս հետո կենսաթոշակառուները չեն բախվի դաժան իրականությանը ներկայիս կառավարության վերընտրվելու դեպքում, քանի որ ֆինանսների նախարարը հայտարարել էր, թե կենսաթոշակների 10,000 դրամով բարձրացումը ռիսկեր է պարունակում։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի, իր նախագահության օրոք Հայաստանում միջին կենսաթոշակն աճել է վեց անգամ։
«Եթե ձեր տնտեսությունը զարգանում է, դուք ստեղծում եք այդ հնարավորությունները։ Հետքայլ, իհարկե, չի լինի։ Դա դրված է մեր ավելի մասշտաբային և ծրագրային դրույթներում։ Կլինի ավելի զգալի բարձրացում, ոչ թե որպես նախընտրական քարոզչություն. եթե ուղիղ ասենք՝ նրանք մոլորեցրել են մարդկանց, իսկ մեր ծրագրի էությունը հենց դրանում է։
Չկասկածեք, որ այստեղ նահանջ չի լինելու։ Ընդհակառակը, լինելու են քայլեր առաջ, և մի քանի քայլ»,- ընդգծել է նա։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ կենսաթոշակի 10,000 դրամով բարձրացումը նույնիսկ չի կարելի այդպիսին անվանել, քանի որ այն չի ծածկում նույնիսկ գնաճը։
«Գնաճը փոխհատուցելը պետության պարտականությունն է։ Բայց դա մատուցվում է որպես մեծ նվեր։ Դա նվեր չէ։ Դա ձեր պարտականությունն է։ Դուք դա պետք է վաղուց արած լինեիք։ Ամեն տարի պետք է քաղաքացիների կենսաթոշակները ինդեքսավորել գնաճին համապատասխան»,- ասել է նա։
Իր հերթին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ դաշինքն ընտրվելու դեպքում նախատեսել է կենսաթոշակների կտրուկ և զգալի բարձրացում։
«Էությունն այն է, որ ապահովվի բազային կենսաթոշակի հիսուն տոկոս ավելացում։ Բացի այդ, ներդնել կենսաթոշակների ամենամյա ինդեքսավորման պարտադիր մեխանիզմ։ Սա նշանակում է, որ անկախ գնաճի մակարդակից, ավտոմատ կենսաթոշակը պետք է ավելանա այդ գումարով, և այդ ավելացումը չի համարվում առանձին բարձրացում։ Բացի այդ, դա նաև կտրուկ ավելացում է, այլ ոչ թե մեկանգամյա»,- պարզաբանել է նա։
Իր հերթին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը պատմել է, որ 3 տարի առաջ իրենց խմբակցությունը մի շարք օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել, այդ թվում՝ կենսաթոշակների ամենամյա ինդեքսավորման և նվազագույն սպառողական զամբյուղի մասին։
Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը մերժել է բոլոր սոցիալական ուղղվածության օրենքները, իսկ այսօր նրանք արդեն սկսել են խոսել ինդեքսավորման մասին, որովհետև տեսել են, որ դա կա «Հայաստան» դաշինքի ծրագրում։
«Նրանք դա անում են բացառապես նախընտրական տրամադրությունների պատճառով՝ որպես ընտրակաշառք։ Մենք դա նախաձեռնել էինք, բայց նրանք մերժեցին»,- ընդգծել է Վարդանյանը։











