Ես 24 ժամ ժողովրդի տարբեր սոցիալական շերտերի հետ շփումների մեջ եմ, և ես ձեզ վստահեցնում եմ, որ Կոտայքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բավականին մեծ քվե է ստանալու մեր քաղաքացուց և արժանանալու է այդ վստահությանը։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

«Հենց այսօր մենք զգում ենք այդ վստահությունը մեր քաղաքացու կողմից»,– հավելեց նա։

Դիտարկմանը, որ նախընտրական շրջանում ՔՊ ներկայացուցիչները խոսում է խաղաղության մասին, սակայն Ստեփանակերտում Ադրբեջանը հիմնահատակ քանդում է հայկական եկեղեցիները, արդյո՞ք դա խաղաղություն կարելի է համարել, մարզպետն արձագանքեց. «Նախ դա ճշտված տվյալներ չեն, երբ որ ճշտված կլինի, կարծում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իշխող  քաղաքական ուժը համապատասխան հայտարարություն կանի»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ վերջին օրերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը քանդել է Ստեփանակերտի մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին։ Արբանյակային թարմ լուսանկարներում հստակ երևում է, որ հսկա մայր տաճարի տեղում սպիտակ սալահատակն է, Սուրբ Հակոբի տեղում՝ սև հող։