Պուշկինի-56 հասցեում ռումբի ահազանգը կեղծ է եղել: Ինչպես դեպքի վայրից հայտնեց NEWS.am-ի թղթակիցը, այս պահին արդեն ստուգվել են «Արմֆարմասիա» ընկերությանը պատկանող դեղատան բոլոր սենյակները, եւ ոստիկաններն ու փրկարարները արդեն հեռանում են: Մոտ մեկուկես ժամ մանրազննին ստուգվել են բոլոր սենյակները եւ կասկածելի որեւէ իր չի հայտնաբերվել: Նշենք, որ տվյալ շենքի հարեւանությամբ գտնվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փետրվարի 24-ին, ժամը 18.18-ին «1-02» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Պուշկինի փողոցի թիվ 56 շենքում պայթուցիկ նյութ է տեղադրված:
Դեպքի վայր էին մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ՃԿԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:














